Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չի գործում իշխանությունների տարանջատման սկզբունքը

Հուլիս 14,2021 14:00

Եթե թագավորը «լավն» է, նա կարո՞ղ իշխել քաղաքապետերի, գյուղապետերի եւ դատավորների վրա

Իշխանությունների տարանջատման գաղափարն ունի նույնքան հին պատմություն, որքան ժողովրդավարությունը: Երբ մարդկանց թվում էր, որ «դեմոսը» (անկախ նրանից, թե ինչ էր դրա տակ հասկացվում) պետք է ունենա ինչ-որ իշխանություն, նրանք նաեւ նախագծում էին պետության այնպիսի մի կառուցվածք, որտեղ պետական ինստիտուտները կարող են գործել «ավտոնոմ», անկախ, որպեսզի դրանցից ոչ մեկը չունենա բացարձակ իշխանություն եւ չընդունի կամայական որոշումներ: Օրինակ, Ք.ա. 8-րդ դարից սկսած Հին Սպարտայում մի քանի հարյուրամյակ գործում էին Լիկուրգի գրած օրենքները, որոնք առանձին գործառույթներ էին նախատեսում արքայի, ազնվականության եւ ժողովրդի (բնականաբար, միայն ազատ քաղաքացիների) համար: Ի դեպ, տեսնելով, թե ինչ «բազարներ» են տեղի ունենում Աթենքի խորհրդարանում, Լիկուրգն իր երկրում այդ պետական մարմնին տալիս էր օրենքն ընդունելու կամ մերժելու իրավասություն, բայց արգելում էր, որ օրենսդիրներն այդ ընթացքում խոսեն:

Որպես իրավական հայեցակարգ՝ գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների բաժանումը ձեւակերպվեց միայն լուսավորչական դարաշրջանում՝ 18-րդ դարում, մասնավորապես, Մոնտեսքյոյի եւ Լոկի աշխատություններում: Այդ գաղափարների ազդեցության տակ էր նաեւ մեր հայրենակից Շահամիր Շահամիրյանը. իր շարադրած «Որոգայթ փառաց» աշխատությունը նույնպես նախատեսում է իշխանության թեւերի բաժանում: Բայց, որքան էլ փայլուն լիներ այդ գաղափարը, այն հայ գործչի մոտ հղացվել է Բրիտանիայի գաղութ հանդիսացող Հնդկաստանում, իսկ Հայաստանը, եթե անգամ ազատվեր օտար լծից (ինչի մասին, բնականաբար, երազում էր Շահամիրյանը), իր ավանդույթներով եւ հասարակական մտածելակերպով չափազանց հեռու էր Բրիտանիայից: Իսկ հիմա մոտի՞կ է:

Իշխանությունների տարանջատման սկզբունքը արտացոլված է գրեթե բոլոր երկրների (նաեւ Հայաստանի) սահմանադրություններում: Թե որքանով է այն իրականացվում նույնիսկ զարգացած ժողովրդավարական երկրներում՝ բարդ հարց է: Եթե որեւէ կուսակցություն ամբողջությամբ վերցնում է օրենսդիր եւ գործադիր իշխանությունը, ապա դատական իշխանության լիակատար անկախությունը բավականին խնդրահարույց է թվում: Եվ դա երեւում է նույնիսկ իրավական պրակտիկայից. օրինակ, Միացյալ Նահանգներում նախագահն իրավունք ունի նշանակելու Գերագույն դատարանի անդամներին, որոնք պետք է փոխարինեն այդ կառույցը լքածներին, եւ դա հաճախ արվում է «կուսակցական նշանակման» շրջանակներում: Այդ է պատճառը, որ Արեւմուտքում իրավագետները խոսում են ոչ այնքան իշխանության թեւերի բաժանման, որքան զսպումների եւ հակակշիռների մեխանիզմի մասին՝ մեծամասնության եւ փոքրամասնության փոխգործակցության, ապակենտրոնացման եւ այլն:

Բայց Հայաստանում թե՛ հակակշիռների սկզբունքը, եւ թե՛ իշխանության թեւերի բուն տարանջատումը մնացել են թղթի վրա: Նախ՝ ցանկացած ժողովրդավարության անբաժանելի մասը դարձած ապակենտրոնացման գաղափարն այս 30 տարվա ընթացքում չի արմատավորվել ո՛չ իշխանավորների, եւ ո՛չ էլ հասարակության մեծամասնության ուղեղների մեջ: Կառավարությանը, մարզպետներին թվում է, որ նրանք կարող են «գործից հանել» համայնքապետերին՝ կարծես առաջինները «մովրով» են, իսկ երկրորդները՝ «տանուտեր», կամ՝ ավելի ժամանակակից լեզվով ասած՝ «շրջկոմի քարտուղար -կոլխոզի նախագահ»: Եթե չի հաջողվում համայնքապետերին աշխատանքից ազատել (ասենք, ոչ լոյալ վերաբերմունքի համար), ապա գործի է դրվում ռեպրեսիվ գործիքակազմը:

Նույնը՝ դատական համակարգը: 27-տարի, մինչեւ 2018 թվականը, այն գործադիր իշխանության կցորդն էր: Նաեւ գուցե հենց այդ պատճառով հեղափոխությունից հետո այնպես ստացվեց, որ ոչ բոլոր դատավորները հայտնվեցին նոր գործադիր իշխանության գրպանում: Հիմա այս իշխանությունը փորձում է տվյալ «թերությունը» վերացնել եւ վերադառնալ հին կարգերին (բնականաբար, դրա մասին բարձրաձայն չի խոսվում): Գործը հասավ նրան, որ իշխանության կողմնակիցները հավաքվում են Սահմանադրական դատարանի մոտ եւ սպառնում են դատավորներին՝ եթե մեր ուզած որոշումը չընդունեք, մենք ձեզ կձերբակալենք: Իհարկե, քաղաքացիներն իրավունք ունեն հավաքվելու դատարանների մոտ եւ պահանջելու, որ դատավորներն ընդունեն այս կամ այն որոշումը: Բայց երբ իշխանությունն, ըստ էության, սպառնում է ազատազրկել դատավորներին, եթե նրանց ընդունած որոշումն իրենց չբավարարի, դա արդեն ուղիղ միջամտություն է դատական գործընթացին: Իհարկե, նույնն է, երբ վարչապետն ուղարկում է քաղաքացիներին՝ դատարանները շրջափակելու:

Սակայն կարեւորն այստեղ ոչ այնքան խնդիրներն են, որոնք առաջանում են ինստիտուցիոնալ եւ կիրառական մակարդակներում՝ դրանք կան բոլոր երկրներում: Ավելի մեծ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ իշխանությունների՝ տարանջատման սկզբունքի ակնհայտ ոտնահարումը միանգամայն բնական է թվում, հասարակությանը: Պատճառն, ըստ ամենայնի, այն է, որ թե՛ խորհրդային շրջանում, եւ թե՛ դրանից առաջ մենք ապրում էինք ուղղահայաց՝ «թագավոր-իշխան-շինական» հարաբերությունների միջավայրում, եւ պետական ինստիտուտների հորիզոնական կապերը, որոնք հիմնված են փոխադարձ վստահության եւ հարգանքի վրա, մեզ խորթ են: Այն, ինչ զարգացած երկրները հաղթահարել երեք դարում, մենք չեն կարողացել բարեփոխել 30 տարում:

Եվ դեռ հարց է՝ արդյո՞ք դա այն ճանապարհն է, որը մենք պարտադիր պետք է անցնենք:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031