Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Շահե ծայրագույն վարդապետ Անանյան- Ամենայն Հայոց կաթողիկոսի, Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի և Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարքի մասնակցությամբ գործում է եռակողմ հանդիպումների պաշտոնական ձևաչափ, որտեղ, հընթացս հանդիպումների, կրոնապետերի մակարդակով քննարկվել են Արցախյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու հնարավորությունները, և բնականաբար, նաև դրանց հարակից բազմաթիվ այլ հարցեր:
Տակավին պատերազմական գործողությունների ընթացքում Վեհափառ Հայրապետը Կիրիլ պատրիարքին ուղղված առանձին նամակով իր պատրաստակամությունն էր հայտնել եռակողմ ձևաչափի շրջանակներում հանդիպելու Կովկասի մուսուլմանների առաջնորդի հետ՝ նպաստելու համար հրադադարի վերականգնմանը և տարածաշրջանում խաղաղության վերահաստատմանը:
44-օրյա պատերազմից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսը պաշտոնական նամակով դիմել էր Կիրիլ Պատրիարքին, որպեսզի վերջինիս միջնորդությամբ մեկնի Բաքու՝ հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Փաշազադեի հետ հայ ռազմագերիների վերադարձի, ինչպես և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մեր հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցը քննարկելու նպատակով։
Ինչ վերաբերում է Շեյխ ուլ Իսլամի հայտարարությանը ՄԱԿ-ի խողովակով հանդիպման ցանկության մասին, ապա դա թյուրընկալման արդյունք է։ ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ ԱՄՆ-ում հանդիպմանը վերջինիս կողմից Ադրբեջանի շեյխի հետ հանդիպման առաջարկին Հայոց Հայրապետը պատասխանել է, որ արդեն իսկ Կիրիլ պատրիարքին հայտնել է իր համաձայնությունը Մոսկվայում նման հանդիպման կազմակերպման համար:
Կարդացեք նաև
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ