Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Պապիկյանը ոգեւորեց Սամվել Բալասանյանին․ «Հյուսիս-հարավ»-ը կառուցվում է, Գյումրի հասնելը հեշտանում

Հուլիս 13,2021 21:00

Այսօր վաղ առավոտից Շիրակի մարզում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։

Նա այցելեց «Հյուսիս-հարավ» մայրուղու Լանջիկ-Գյումրի հատված, որտեղ ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում ու լրագրողներին մանրամասնեց, թե կարևորագույն այս ճանապարհի որ հատվածը երբ պատրաստ կլինի ու ֆինանսավորման ինչ աղբյուրներ կան։

Նախարարը նշեց, որ մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր Գյումրի-Թալին հատվածի մի կողմը կհանձնվի շահագործման։

Սուրեն Պապիկյանն այս մասին մեծ ոգևորությամբ հայտնեց նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ նրա հետ Գյումրիի վերանորոգված փողոցներով շրջագայելիս։ «Կավարտենք սեպտեմբերի վերջ- հոկտեմբերին, 24 կիլոմետրն արդեն ավարտել ենք»,-ոգեւորված ասաց նախարարը։ Սամվել Բալասանյանը ևս ոգեւորվեց, պատասխանեց, որ գնում-գալիս է այդ ճանապարհով ու տեսել է, որ 24 կիլոմետրն արդեն պատրաստ է։

Նշենք՝ Գյումրու քաղաքապետը, որն ուղղակիորեն հրճվում է իր կառավարած քաղաքը զբոսաշրջության ամենապահանջված ուղղություններից մեկը դարձնելու փաստից, անչափ կարևորում է «Հյուսիս-հարավ» ճանապարհի պատրաստ լինելը։ Այն, ըստ քաղաքապետի, մոտ 40 րոպեի ընթացքում զբոսաշրջիկին կհասցնի Գյումրի։

«Հյուսիս-հարավ» ճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածում Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Մենք հիմա գտնվում ենք շինարարական ակտիվ հատվածներից մեկում, տեսաք, որ տեղադրվում է առաջին ասֆալտ-բետոնե խոշորահատիկ շերտը։ Մենք ունենում ենք հիմա 8 և 7 սմ հաստության երկու շերտեր, ինչպես նաև ևս 5 սմ հղկող շերտ։ Դա կլինի, իհարկե, ամեն ինչ ավարտելուց հետո։ Կարծում եմ այս տարի մեր նախանշած 50 կիլոմետր ճանապարհը կարող ենք ունենալ, որովհետև տեմպն այնպիսին է, որ հույս է ներշնչում, որ գործընկերները կարողանալու են իրենց խոստումը կատարել։ Պիտի նշեմ, որ այս պահին արդեն իսկ ավարտվել է 24 կմ երկշերտ ճանապարհ, որը մի քանի փոքրիկ անցումների տեղադրումից հետո մեզ թույլ կտա ամբողջությամբ երթևեկությունը տեղափոխել այլ հատված։ Գյումրի հասնելն առավել հեշտ կդառնա», -ասաց նախարարը։

Նա նշեց, որ չի կարող հիմա վերջնաժամկետ նշել, թե, երբ կավարտվի ճանապարհի շինարարությունը։

Սուրեն Պապիկյանը նաև տեղեկացրեց, որ Եվրամիությունը «Հյուսիս-հարավ» ճանապարհի հարավային հատվածը կառուցելու համար իր ֆինանսական աջակցությունն է հայտնել։ Ըստ Սուրեն Պապիկյանի, խոսքը 600 միլիոն եվրոյի մասին է, որը բավական մեծ գումար է և թույլ կտա օգոստոս ամսին մրցույթ հայտարարել։

Նախարարի պաշտոնակատարի ասելով, անկախ Եվրամիության աջակցության պատրաստակամությունից, կառավարությունը որոշել էր «Հյուսիս-հարավ» ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի ուղղության համար շինարարական աշխատանքների մրցույթ հայտարարել։

Սուրեն Պապիկյանն այստեղ խոսեց նաև իրեն փոխվարչապետ նշանակելու մասին շրջանառվող խոսակցությունների մասին։«Մամուլը ամեն օր տեսնում է մի պաշտոնում։ Ես կծառայեմ այն պաշտոնում, որտեղ կտեսնեն իմ գործընկերները, երկրի վարչապետը»,- ասաց Սուրեն Պապիկյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031