Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին և ՀՖՖ նախագահի առաջին տեղակալ Արմեն Նիկողոսյանին:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ֆուտբոլն այն ոլորտներից է, որտեղ մեր հանրությունը տեսնում է իրական և էական փոփոխություններ: «Պետք է ընդգծեմ, որ կառավարությունը ողջունում է այդ փոփոխությունները, քանի որ դրանք բերում են շատ կարևոր արդյունքներ: Կարևոր եմ համարում նաև ընդգծել, որ ֆուտբոլի ազգային հավաքականը մեր երկրի համար չափազանց ծանր և դժվար ժամանակաշրջանում իր հաղթանակներով, ըստ էության, դարձավ երկրի և ժողովրդի դրական զգացողությունների վերադարձի առաջամարտիկը:
Իհարկե, այդ գործառույթի դերը դժվար է գերագնահատել, մյուս կողմից չեմ ուզում, որ մենք մեր ֆուտբոլի հավաքականի ուսերին դնենք շատ ծանր բեռ և հետագա մրցապայքարի ժամանակ նրան կաշկանդենք: Բայց նաև կարևոր եմ համարում, որ Հայաստանի մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարության մեջ մենք ընդգծել ենք՝ ակնկալում ենք, որ Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականը շատ կոնկրետ արդյունքներ արձանագրի: Մեր ակնկալիքն է, որ մինչև այդ ժամանակաշրջանը հավաքականը ոչ միայն դուրս կգա Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, այլև կկարողանա դառնալ մրցանակակիր:
Կարդացեք նաև
Իհարկե, հասկանալի է, որ սա բավականին բարդ և երկար ճանապարհ է, բայց ամեն դեպքում ֆուտբոլային տնտեսության և ենթակառուցվածքների զարգացումը կարևոր է ոչ միայն զուտ մարզական, այլև երկրի սոցիալ-տնտեսական կյանքը կազմակերպելու առումով: Այնպես որ, կարող եք համարել, որ այդ ծրագրերում ունեք կառավարության աջակցությունը և բնականաբար մեր ուժերի ներածին չափով կաջակցենք, որպեսզի այն պրոցեսները, որ սկսվել են մեր ֆուտբոլային կյանքում՝ շարունակվեն և ունենան կոնկրետ հանգուցալուծում»:
Արմեն Մելիքբեկյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին հնչեցրած գնահատականների համար: «Իրականում մենք պատերազմյան և հետպատերազմյան ամենածանր պահերին զգացել ենք կառավարության, տարբեր մարմինների աջակցությունը, որովհետև առանց այդ աջակցության՝ նման բարդ իրավիճակում նույնիսկ հնարավոր չէր լինի կազմակերպել այն հանդիպումները, որոնք մենք պարտավորված էինք անցկացնել միջազգային ասպարեզում:
Մեզ համար շատ կարևոր է, որ իրոք ծանր պահերին ֆուտբոլը որպես սոցիալական ֆենոմեն կարողացել է որոշակի աջակցություն բերել Հայաստանին: Այժմ ավելի կայուն փուլում մենք ունենք մեր նպատակները: Ասեմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ռազմավարությունը գրված է մինչև 2025 թվականը և պատրաստվում ենք մինչև այդ ժամանակահատվածը՝ 2022-ին կամ 2024-ին նվազագույն խնդիրը կատարել՝ դուրս գալ Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Դա արտացոլված է մեր ռազմավարության մեջ:
Իհարկե, այս ամենը հնարավոր չէ անել միմիայն ֆուտբոլի ֆեդերացայի ուժերով և մենք շնորհակալ ենք աջակցության ու ապագա աջակցության համար, որը վստահ եմ կլինի և մենք կփորձենք կատարել մեր առջև դրված խնդիրը, որովհետև այս պահի դրությամբ Հայաստանի ազգային հավաքականն աննախադեպ արդյունքի է հասել հայկական ֆուտբոլի պատմության մեջ:
Հաջորդ տարի նշելու ենք ՀՖՖ-ի, ազգային հավաքականի հիմնադրման 30-ամյակը: Մեկնարկային երեք խաղերում ազգային հավաքականի երեք հաղթանակ ունի, իհարկե դեռ շատ դժվար խաղեր են սպասվում մեզ աշնանը, բայց ամեն դեպքում և ֆուտբոլիստները, և մարզչական կազմն ու ՀՖՖ վարչական հատվածի ներկայացուցիչները հասկանում են երկրի համար այս հաղթանակների կարևորությունը»:
Նիկոլ Փաշինյանը և ՀՖՖ ղեկավարները քննարկել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանն ուղղված ծրագրերը, որոնք միտված են հանրապետությունում ֆուտբոլային ենթակառուցվածքների բարելավմանը, մանկապատանեկան ֆուտբոլին, երիտասարդական ու ազգային հավաքականների առաջընթացի ապահովմանը, ինչպես նաև ակումբային ֆուտբոլի զարգացմանը:
ՀՀ կառավարություն