Տավուշի մարզի Այրում քաղաքի բնակիչ, ժամկետային զինծառայող Նարեկ Ամիրջանյանն Արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորվելուց և 70 օր գերության մեջ մնալուց հետո վերադարձել է տուն։
Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հերոսին մեծ ոգևորությամբ ու ուրախությամբ են դիմավորել և առաջին իսկ օրվանից միջոցներ են ձեռնարկել, որ նրա կյանքն ավելի հետաքրքիր դառնա․ «Կազմակերպությունների միջոցով, ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնությամբ փոքրիկ թռչնաֆերմա է կառուցվել իր համար, «Արաքս» թռչնաֆաբրիկան ածող հավեր է տրամադրել ու իրենց ընտանիքի համար փոքրիկ բիզնես է այն դարձել։ Սրանք միջոցներ են, որ նա կարողանա ցրվել և շատ ժամանակ չլինի գերության օրերը հիշելու»։
Համայնքի ղեկավարը պատասխանելով այն հարցին, թե արդյոք պետք է տղային հոգեբանական աջակցություն ցուցաբերել՝ նշեց, որ ընկերներն այնքան են նրան զբաղեցնում և անդադար իր կողքին են, որ հարցը դրան չի էլ հասնում ․
«Անընդհատ ուշադրության կենտրոնում է, իր առօրյան ընկերների շնորհիվ շատ հագեցած է և ընկերներն էլ ամեն ինչ անում են, որ մի րոպե մենակ չմնա։ Մենք ամեն դեպքում խոսում ենք ընտանիքի անդամների հետ և հենց դրա կարիքը զգան, որ կա անմիջապես, իհարկե, կդիմենք մասնագետներին։ Ինքը միշտ էլ ամաչկոտ երեխա է եղել, բայց իր ծնողների փոխանցմամբ՝ տրամադրվածությունը լավ է և անհանգստացնող ոչ մի նախանշաններ չկան։ Ես Երևան գնալուց էլ իրեն հետս տարա՝ շատ լավ էր իրեն զգում»։
Կարդացեք նաև
Պարանյանը նաև ընդգծեց, որ Նարեկ Ամիրջանյանը բուժումներ է ստացել, քանի որ եղել է վիրավոր, եւ վերադարձից հետո բժշկական զննությունից հետո է կարողացել տուն գալ։
Համայնքապետի փախանցմամբ՝ Նարեկն Այրումում ապրում է փոքր եղբոր և ծնողների հետ․«Հայրը միշտ արտագնա աշխատանքի էր գնում և երեխայի գերեվարվելու ժամանակ էլ Ռուսաստանում էր: Կորոնավիրուսային համաճարակի պատճառով չեր կարողանում վերադառնալ, իսկ հիմա, քանի որ արդեն ընտանեկան փոքր բիզնեսը կա, էլ չի էլ գնա արտագնա աշխատանքի»։
Պարանյանը նաև նշեց, որ համայնքն ունի 5 զոհված հերոսների ընտանիքներ, որոնք այս պահին ունեն աջակցության կարիք և իրենք պարբերաբար դիմում են բարերարներին՝ ընտանիքների սոցիալական վիճակը բարելավելու համար․«Բացի ֆինանսական օգնությունը՝ նաև ընտանիքները շատ պարփակված են և ինքնամփոփ, չնայած ամեն ինչ անում ենք, որ շփման միջոցով մխիթարենք նրանց։ Այդ բոլոր ընտանիքներն էլ ոչ բարվոք վիճակում ապրող ընտանիքներ են և շատ կարևոր է նրանց ուշադրության կենտրոնում պահելն ու ավելի լավ պայմաններ ստեղծելը։ Այս պահին փորձում ենք բարերարների միջոցով այդ ընտանիքներին օգնել ու թեթևացնել սոցիալական վիճակը»։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ