Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Սաղաթելյան. Խորհրդարան գնալու դեպքում մենք օգտագործելու ենք մեր բոլոր լծակները՝ ՍԴ դիմելը, քննիչ հանձնաժողովներ ստեղծելը

Հուլիս 13,2021 18:10

«Երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը շարունակում է քաղաքական հետապնդումները, իսկ իրավապահ մարմիններին մնում է իրենց երևակայության սահմաններում քրեական մեղադրանքներ և գործեր հորինել»,- այս մասին այսօր «Հայաստան» դաշինքի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Ի պատասխան լրագրողների այն հարցի, թե արդյոք «Հայաստան» դաշինքը կվերցնի 270 հազար քաղաքացիների ձայների արդյունքում ստացված խորհրդարանական մանդատները՝ Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Նիկոլի ձեռքին ճար լիներ՝ այդ 270 հազար քաղաքացիներին կձերբակալեր։ Իսկ ինչ վերաբերվում է մանդատներին՝ ապա, եթե թիմը որոշի, որ մանդատներ վերցնելը կարող է մեր պայքարի համար նոր խթան հանդիսանալ, ապա մենք կվերցնենք այդ պատասխանատվությունը։ Ուզում եմ նաև ասել, որ խորհրդարան գնալու դեպքում մենք օգտագործելու ենք մեր բոլոր լծակները՝ ՍԴ դիմելը, քննիչ հանձնաժողովներ ստեղծելը և այլն»։

Սաղաթելյանը հայտնեց, որ անկախ խորհրդարանում ներկայացված լինելուց՝ իրենք շարունակելու են փողոցային պայքարն ու անհնազանդության ցույցերը։ Նա նշեց, որ փողոցային պայքարով հաջողության հասել են և դա է փաստում նաև ընտրությունների արդյունքը, քանզի Նիկոլ Փաշինյանը չի ստացել ՀՀ-ում բնակվող և ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մեծամասնության ձայները։

Լրագրողները հետաքրքրվեցին նաև ներկա իշխանությունների կուլիսային բանակցությունների և Հայաստանի ապագայի վերաբերյալ «Հայաստան» դաշինքի պատկերացումների վերաբերյալ, ի պատասխան որոնց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն ասաց․ «Միջանցք, որի անունը դրել են ճանապարհ, անկլավներ, Արցախի ճակատագիր․ ակնհայտ է, որ այս իշխանությունն ի զորու չէ լուծելու մեր երկրի առջև ծառացած խնդիրները։ Որքան էլ շարունակ մեղքը բարդեն նախկինների վրա, միևնույն է, արցախյան աղետը վրա հասավ այս իշխանության օրոք։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չկարողացավ երեք տարի պահել այն, ինչ կառուցվել էր երեսուն տարում»։

«Նիկոլ Փաշինյանի ընտրարշավը կատարյալ ձախողում էր։ Նա ամենուր այցելել է իր թիմի բազմաթիվ անդամների հետ, որոնք էլ ապահովել են տեսարանը։ Չենք ասում քվե չունի, իհարկե, նա քվե ունի, բայց 53 տոկոս՝ անհնար է։ Նույնիսկ վարչական ռեսուրսի օգտագործմամբ չէին կարող այդքան ձայն ստանալ։ Ժողովուրդ, չի կարող երկիրը աղետի վերածած իշխանությունը շարունակել գոյատևել»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031