«Հետընտրական Հայաստանում հետապնդվում են «Հայաստան» դաշինքի անդամները, որի վերջին և վառ օրինակը երեկ տեղի ունեցած Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալումն էր»,- այսօր այս մասին «Հայաստան» դաշինքի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
Ի պատասխան լրագրողների այն հարցին, թե ինչ ներքին իրավիճակ է Սյունիքում՝ Վահե Հակոբյանն ասաց․ «Մոտ 10 քննչական խումբ է աշխատում, համատարած ձերբակալություններ և հարցաքննություններ են։ Արդեն հրապարակվել են տեսահոլովակներ, վերջինը՝ Որոտան գյուղից, որտեղ քաղաքացիներն ասում են, որ իրավապահ մարմինները փորձում են իրենցից ցուցմունքներ կորզել։ Սա հաղորդում է հանցագործության մասին, մինչդեռ իրավապահ մարմինների արձագանքը զրո է»։
Անդրադառնալով լրագրողների՝ խորհրդարանական մանդատների ստանձնման հետ կապված հարցերին՝ Վահե Հակոբյանը հայտնեց, որ մանդատները վերցնելու վերաբերյալ վերջնական որոշումը կընդունեն ՍԴ-ի կողմից ընտրության արդյունքների վիճարկման հարցով որոշում ընդունելուց հետո։
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին նաև Վահե Հակոբյանի և ԱՄՆ դեսպանի հանդիպմամբ, ինչի վերաբերյալ Վահե Հակոբյանը հավաստիացրեց, որ երկրում ստեղծված ողջ իրավիճակը ներկայացրել է դեսպանին։
Ի պատասխան լրագրողների՝ նախընտրական հանցագործությունների հետ կապված հարցերին՝ Վահե Հակոբյանը նշեց․ «Ընտրություններից առաջ Կառավարությունը կես միլիարդ դրամ էր հատկացրել «Սյունիքի զարգացման հիմնադրամին», որն այսօր պարզապես չկա։ Իսկ գործող մարզպետը, գաղտնիք չէ, գումարներ է բաժանել իր ողջ ազգուտակին»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ