Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Խզմալյան. «Հ․Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Պետական կամերային երաժշտական թատրոնների միավորումը ռեսուրսների արդյունավետ օգտագործման ճանապարհն է»

Հուլիս 13,2021 17:50

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ներկայացրել է Հ․Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Պետական կամերային երաժշտական թատրոնները միավորելու գլխավոր դրդապատճառները:

Կամերային երաժշտական թատրոնն իր հիմնական առաքելությամբ և կանոնադրական խնդիրներով համահունչ է այն առաքելությանը և խնդիրներին, որ ունի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը։ Ըստ փոխնախարարի՝ միավորմամբ շատ ավելի լավ պայմաններ կստեղծվեն ստեղծագործական կազմի համար. «Երաժշտական թատրոնը չունի նվագախումբ, երգչախումբ, պարային խումբ, և մենք ասում ենք՝ եկե՛ք, Պարոնյան թատրոնի պրոֆեսիոնալ խմբերի ռեսուրսն օգտագործե՛ք»։

Փոխնախարարն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում կար նաև թատրոնը կազմալուծելու վտանգ, բայց հնարավորություն է ստեղծվել պահպանելու ամենակարևորը՝ ստեղծագործական կազմը և վերջինիս աշխատանքը։

«Ստեղծագործական խմբին առաջարկել ենք ֆինանսական աջակցություն։ Եթե հյուրախաղերի են ուզում մեկնել, կարող են դրանք անցկացնել մարզերում, ինչպես նաև նոր բեմադրություն իրականացնելու հնարավորություն ունեն։ Ստեղծված իրավիճակում հնարավոր ամեն ինչ առաջարկվել է»,- ասել է Արա Խզմալյանը։

Այսօր բազմաթիվ պետական կոլեկտիվներ, այդ թվում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, սեփական հարկի բացակայության պատճառով փորձեր և ստեղծագործական աշխատանք իրականացնում են անբարենպաստ պայմաններում. սա ևս թատրոնների միավորման պատճառներից մեկն է: Նույն խնդիրն ունեն նաև պետական երգչախմբերն ու երգի-պարի համույթները:

Պետության ռեսուրսները չեն բավարարելու առաջիկա տարիներին նոր համերգասրահ կառուցելու և այդպիսով Սիմֆոնիկ նվագախմբի, պարային համույթների հարցը լուծելու համար: Փոխնախարարը վստահեցնում է՝ Հ․ Պարոնյանի անվան և Պետական կամերային երաժշտական թատրոնների միավորումը ռեսուրսների ամենաարդյունավետ օգտագործման ճանապարհն է, և ոչ թե բյուջեի կրճատման հարցի լուծում: Պրոֆեսիոնալ գործունեության համար ստեղծվում են ավելի լավ պայմաններ. «Վստահ եմ, որ սա չի վնասում, այլ օգուտ է բերում ստեղծագործական խմբին»:

Փոխնախարարը հավաստիացրել է, որ այս դեպքը չի նշանակում, որ մասսայաբար պետք է թատրոններ փակվեն. այդպիսի օրակարգ Կառավարությունը չունի:

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական և Պետական կամերային երաժշտական թատրոնները միավորելու որոշման նախագիծը մշակման փուլում է, և գործընթացը կիրականացվի միայն Կառավարության որոշումից հետո: Որոշումն ընդունվելուց հետո Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքը կտրամադրվի սիմֆոնիկ նվագախմբին:

Միևնույն ժամանակ աշխատանքներ են տարվելու մշակութային կազմակերպությունների կանոնադրական խնդիրները լիարժեք իրականացնելու և գեղարվեստական նոր ձևերի և որոնողական-փորձարարական գործընթացները խթանելու նպատակով պետական գույքային հնարավորություններն առավելագույնս արդյունավետ օգտագործելու ուղղությամբ։

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031