«Այս նախագծերի մշակման ամբողջ գործընթացն իրականացվել է գաղտնի` քաղհասարակությունից ու ողջ հասարակությունից թաքուն,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Ազգային անվտանգության շահերից ելնելով փակել տեղեկատվությունը. հիմնավորվա՞ծ է ԲՏԱ նախարարության նախագծի անհրաժեշտությունը» թեմայով քննարկման ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը:
Հիշեցնենք՝ ԲՏԱ նախարարությունը մի նախագիծ է շրջանառել e-draft-ում, որով առաջարկվում է e-gov հարթակում այսուհետ չհրապարակել պետական աշխատակիցների գործուղումների նպատակի, քննարկված թեմաների, հանդիպումների, ելույթների, հանդիպման ժամանակ ընդունված որոշումների մասին տեղեկությունները։ Այն փորձագետների շրջանում լուրջ քննադատությունների տեղիք է տվել:
Շուշան Դոյդոյանը հիշեցրեց՝ կառավարության հետ հստակ պայմանավորվածություն է եղել, որ մամուլի, տեղեկատվության ազատության, խոսքի ազատ արտահայտման վերաբերյալ բոլոր նախագծերը պետք է մշակվեն, իրականացվեն՝ քաղհասարակության սերտ մասնակցությամբ, ներգրավմամբ. «Փաստացի ողջ գործընթացում չի ապահովվել ներառականություն և մասնակցություն, հետևաբար չի կարող անգամ խոսք գնալ որակյալ փաստաթղթի ստեղծման մասին, որը կարող է ընդունելի լինել մեզ համար»:
Շուշան Դոյդոյանը ցավով արձանագրեց. «Փաստացի կառավարությունը ցանկանում է հետընթաց գրանցել արդեն իսկ ձեռք բերված տեղեկատվության մատչելիության և ազատության ոլորտում: Կոռուպցիայի դեմ պայքարում պետական գնումների ու գործուղումների թափանցիկությունը հենց այն երկու ոլորտներն են, որտեղ տեղի են ունենում կոռուպցիոն չարաշահումներ, և որոնց մասին պարտավոր է ահազանգել քաղհասարակությունը: Քաղհասարակությունը զրկվում է տեղեկատվության պրոակտիվ մատչելիությունից, մինչդեռ քաղհասարակությանն այլևս չպետք է կախված լինի՝ կառավարությունը կտրամադրի տեղեկատվություն, թե ոչ: Հանրային ռեսուրսներում պիտի առկա լինեն այդ տեղեկությունները, որ հարկ եղած պահին քաղհասարակությունը կարողանա իրականացնել հանրային վերահսկողություն»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ