Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջազգային հանրությունը խիստ բացասական կարձագանքի, եթե հանկարծ այս նախագիծն ընդունվի». Աշոտ Մելիքյանը՝ ԲՏԱ նախարարությունը շրջանառած նախագծի մասին

Հուլիս 13,2021 16:47

«Պնդում եմ՝ այս նախագիծը և՛ հասարակության, և՛ փորձագետների կողմից բացասական գնահատականի պիտի արժանանա և շրջանառության չհասնի»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Ազգային անվտանգության շահերից ելնելով փակել տեղեկատվությունը. հիմնավորվա՞ծ է ԲՏԱ նախարարության նախագծի անհրաժեշտությունը» թեմայով քննարկման ընթացքում հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Հիշեցնենք՝ ԲՏԱ նախարարությունը մի նախագիծ է շրջանառել e-draft-ում, որով առաջարկվում է e-gov հարթակում այսուհետ չհրապարակել պետական աշխատակիցների գործուղումների նպատակի, քննարկված թեմաների, հանդիպումների, ելույթների, հանդիպման ժամանակ ընդունված որոշումների մասին տեղեկությունները։ Այն փորձագետների շրջանում լուրջ քննադատությունների տեղիք է տվել:

Աշոտ Մելիքյանի վստահեցմամբ՝ նախագծում ներառված են մեծածավալ սահմանափակումներ, որոնք անհամաչափ են: Նա այս առիթով ասաց. «Այս ծավալի և խորության սահմանափակումներ կարելի է միայն օրենքով սահմանել: Ես չեմ կարծում, որ Տեղեկատվության մասին օրենքում որևէ ողջամիտ քաղաքական գործիչ կարող է ներառել նման անհիմն սահմանափակումներ: Այնպես որ, կարծում եմ՝ այս առաջարկությունից հրաժարվելու հիմքերը և պատճառներն ավելի շատ են, քան առհասարակ այս տիպի նախաձեռնություններ առաջ տանելը»:

Հարցին՝ եթե, ի վերջո, այս նախագիծը կյանքի կոչվի, ինչպիսի՞ն կլինի միջազգային հանրության գնահատականը, Աշոտ Մելիքյանը պատասխանեց. «Միջազգային կազմակերպությունները, առհասարակ միջազգային հանրությունը խիստ բացասական կարձագանքի, եթե հանկարծ այս նախագիծն ընդունվի: Լիահույս եմ, որ սա չի ընդունվելու: Դա Հայաստանի միջազգային վարկանիշին լուրջ վնաս կհասցնի: Այս գաղափարն առհասարակ լայնորեն չի քննարկվել տարբեր գերատեսչությունների հետ կամ էլ այդ գերատեսչություններում բավարար ուշադիր չեն հետևել գործընթացներին և բոլոր ռիսկերը հաշվի չեն առել: Այս ամենը ճիշտ հակառակ ուղղությամբ է գնում, քան միջազգային գործընթացներն են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031