Այսօր լրագրողները Գյումրի այցելած ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ժ/պ Սուրեն Պապիկյանից հետաքրքրեցին, թե ունե՞ն արդյոք Գյումրու քաղաքապետի նախընտրած թեկնածու։
«Այս փուլում բարձրաձայնման ենթակա չէ, քննարկումների մեջ ենք, երբ որոշում ունենանք, դրա մասին կասենք։ Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ինտենսիվ աշխատելու ենք այդ ուղղությամբ։
Ընտրությունները լինելու են ոչ թե սեպտեմբերին, այլ հոկտեմբերին, իմ ունեցած տեղեկատվությամբ դա հոկտեմբերի 17-ն է, գոնե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարած ամսաթիվն այդպիսին է։ Աշունը բավական հետաքրքիր է լինելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության առումով»,- ասաց Սուրեն Պապիկյանը։
Ու քանի որ նա դրական կարծիք հնչեցրեց թե՛ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի և թե՛ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի աշխատանքի մասին, Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է իշխանության նախընտրած թեկնածուն լինի հենց Սամվել Բալասանյանը։
Կարդացեք նաև
«Ես հիմա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին չեմ ուզում անդրադառնալ։ Արդեն նշեցի, որ քաղաքական թիմը որոշում չունի, և անդրադառնալ դրան, այս փուլում ուղղակի սխալ կլինի»,-ասաց Սուրեն Պապիկյանը։
Նրա գնահատմամբ՝ գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանի աշխատանքից անչափ գոհ են, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի աշխատանքի մասին էլ այսպես արտահայտվեց․
«Կարծում եմ՝ մեր համատեղ աշխատանքի արդյունքը տեսանելի է, գնահատականները կրկին գյումրեցիների, քաղաքացիների կողմից հնչում են։ Ես կարող եմ ասել, որ ինձ համար աշխատանքը շատ բարձր որակի է, բարձր եմ գնահատում քաղաքապետի աշխատանքը, մնացած հաջորդիվ՝ ամփոփման ժամանակ»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ