Հետընտրական շրջանում «Յուքոմ» ՓԲ ընկերությունը մի շարք կուսակցություններից ու դաշինքներից դիմումներ է ստացել՝ 1500 ընտրատեղամասերից իրականացված քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման տեսանյութերը ստանալու կապակցությամբ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության ու համապատասխան կրիչների ներկայացման դեպքում՝ «Յուքոմ» ընկերությունը հնարավոր առավելագույն արագությամբ բոլոր դիմումատուներին տրամադրել է պահանջվող տեսագրությունները։ Ավելին, որոշ դեպքերում, հաշվի առնելով խնդրի հրատապությունը, ԿԸՀ-ի թույլտվությունը ստանալուց հետո, Ընկերությունն իր նախաձեռնությամբ մի շարք կուսակցությունների և դաշինքների համար ապահովել է իր թվային շտեմարանից անհրաժեշտ տեղեկատվության անսահմանափակ ներբեռնման հնարավորությունը։
Չնայած խնդրո առարկա տեղեկատվության տրամադրման նպատակով Ընկերության կողմից գործադրված ջանքերին, ցավոք, արձանագրվել են դեպքեր, երբ դիմումատուները, ինչպես Ընկերության աշխատակիցներին զանգելու ընթացքում, այնպես էլ առցանց ելույթներում թույլ են տվել ակնհայտ և անհիմն վիրավորանք պարունակող արտահայտություններ:
Ընկերության համար սկզբունքային նշանակություն ունի իր և, մասնավորապես, իր աշխատակիցների բարի համբավը։ Ընկերությունը չի հանդուրժելու դրանց արատավորման որևէ փորձ՝ առավել ևս այնպիսի դեպքերում, երբ Ընկերությունը ստացված խնդրանքի բավարարման ուղղությամբ արել է ավելին, քան անհրաժեշտ է եղել։
Կարդացեք նաև
Հորդորում ենք այսուհետ Ընկերության ու աշխատակիցների հասցեին արտահայտվելիս մնալ էթիկայի և բարեկրթության դաշտում՝ դրանով հանդերձ նպաստելով գործընկերային հարաբերությունների զարգացմանը։
Յուքոմ