Երեւանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում, երբ քննարկվում էր հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին որոշման նախագիծը, «Իմ քայլ»-ը խմբակցությունից Տիգրան Գալստյանն ասաց, որ Երեւանի գլխավոր հատակագիծը բազմաթիվ շեղումներ ունի, որը շինթույլտվությունների հետ կապված էլ խնդիրներ է առաջացնում եւ ամեն նիստին փաթեթ է ներկայացնում փոխելու մասին։ Նա հետաքրքրվեց՝ ի վերջո, Երեւանը ե՞րբ կունենա նոր գլխավոր հատակագիծ, որը կբացառի նման շեղումները։
«Երկու տարուց»,- հարցին պատասխանեց քաղաքապետի խորհրդական Դավիթ Ճգնավորյանը: Նա ասաց․ «Դա, իրականում, հսկայական ցիկլ է։ Նախկինում դա տեւել է 2-ից 4 տարի: Հսկայական աշխատանքների ցիկլ է՝ ուսումնասիրությունների, տվյալների հավաքագրման։ Մեր եւ իմ անձնական հույսն այն է, որ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ կտան պրոցեսները հնարավորինս արագացնել, վերլուծությունն անցկացնել շատ ավելի արագ՝ ոչ մարդկային ռեսուրսների, այլ՝ ծրագրերի կիրառմամբ: Իրատեսականը 1,5 տարին է, բայց դրա համար շատ-շատ բան պետք է արվի ու մենք պատրաստ ենք այդ շատ բանն անելու։ Բայց եկեք մեր մտքում պահենք 2 տարին»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ