«Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիան բավականին ուժեղ ձեւով առաջ է քայլում, հակառակ նրան, որ 2020-ը դժվարին տարի էր, երկիրը պատերազմի մեջ էր: Բազմաթիվ նոր ծրագրեր ունենք»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) տնօրեն, Նոտր Դամի համալսարանի Ֆրանկ Մ․ Ֆրայմանի ֆիզիկայի ամբիոնի պատվավոր պրոֆեսոր Անի Ապրահամյանը:
Տիկին Ապրահամյանը նշեց, որ հատկապես ոգեւորված են ուսանողների մասնակցությամբ այդ ծրագրերին եւ հետաքրքրությամբ: Հավելեց, որ անգամ ԱՄՆ-ից են հետաքրքրվում ուսանողները եւ ցանկություն հայտնում աշխատելու Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում, եւ 3-4 հոգի ամերիկյան համալսարաններից այժմ համագործակցում են իրենց հետ:
Կան մի քանի համագործակցության պայմանագրեր եւս «դրսի» հետ, իրենց լաբորատորիայի աշխատակիցներն արդեն մասնակցում են ամերիկյան Ջեֆերսոն լաբորատորիայի գիտափորձերին, շուտով երկու միլիոնանոց ծրագիր է մեկնարկելու:
«Մենք ցանկանում ենք ոչ թե համագործակցության կողմ լինել, այլ լիդեր»,-ընդգծեց Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրենը: Հավելեց, որ երկու ծրագրերի շուրջ համագործակցում են Դուբնայի հետ, մեկը տեսաբանների խմբով, մյուսը հետազոտողների: «Քանի որ աշխարհը փոփոխվում է, մենք պետք է օգտագործենք մեր ունեցած բոլոր կապերը»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրենն ընդգծեց, որ պատերազմից հետո բոլորը` նաեւ Սփյուռքում, գիտակցում են, որ Հայաստանի ապագան պայմանավորված է գիտության զարգացմամբ ու հաջողություններով. «Ես տեսնում եմ, որ մեր ապագան գիտության մեջ է, այն կարող ենք ուժեղացնել, տեխնոլոգիաները պետք է զարգացնել, եւ սփյուռքը պատրաստ է գիտական հարցերում աջակցել երիտասարդներին»:
Անի Ապրահամյանը նշեց, որ այդ նպատակով Հայաստան են գալու 12 ֆիզիկոսներ: «Ուսանողները պետք է լավ կյանք ունենան միայն գիտությամբ զբաղվելով, չի կարելի գիտությամբ զբաղվել եւ ուրիշ գործեր անել»,-շեշտեց նա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ