Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանը Հանրապետության 46-ի հուշարձան-շենքի քանդման թույլտվություն չի տվել

Հուլիս 13,2021 14:38

Երեւանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում «Իմ քայլ»-ը խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը Հանրապետության 46 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան-շենքը քանդվելու մասին հարց ուղղեց նիստը վարող քաղաքապետ Հայկ Մարությանին։ Երիցյանն ասաց, որ քաղհասարակությունը ահազանգում է, որ նշված հասցեի հուշարձան-շենքը քանդվելու է եւ պահպանվելու է դրա միայն արտաքին տեսքը․ «Պահպանվելու է միայն ֆասադը։ Չնայած, գիտենք, որ դա 33 թաղամասն է, (Ֆիրդուսի թաղամաս, Ն․Բ․) որի կառուցապատման նախագիծը քաղաքապետարանինը չէ։ Բայց քանի որ Երեւանում գտնվող հուշարձան-շենք է, քաղաքապետարանն ասելիք պետք է ունենա։ Եթե այս հուշարձան-շենքը իսկապես պետք է քանդվի եւ նման հստակ նախագիծ կա, ապա որո՞նք են լինելու Երեւանի ավագանու կամ գործադիրի քայլերը։ Ըստ շրջակա միջավայրի գնահատման զեկույցի, նշված շենքի վրա 9 հարկ է կառուցվելու եւ պատմամշակութային հատվածում էլ լինելու է ռեստորան»։

Ի պատասխան Հայկ Մարությանն ասաց, որ վերջերս կառավարությունում հատուկ նիստ էր, որին ինքն էլ ներկա էր, քննարկումը շինությունների քանդման որոշումների վերաբերյալ էր․ «Ես նշել եմ՝ պատասխանատու մարմինը ԿԳՄՍ-ն է, որն իր կազմում ունի համապատասխան վարչություն, որը կոնկրետ զբաղվում է հուշարձաններով։ Ես խնդրել եմ, որ որպեսզի մեր գործընկերները քարտեզի վրա հստակ նշվի՝ որոնք են հուշարձան-շենքեր, որպեսզի մենք կարողանանք ըստ այդ փաստաթղթի տրամադրել քանդման թույլտվությունները, բնականաբար, խոսքը ոչ հուշարձան շենքի մասին է»։ Մարությանն ասաց, որ քննարկվել է նաեւ թե հուշարձան-շենքերին հարակից տարածքների քանդման աշխատանքներն ինչպես պետք է իրականացնել։

Գրիգոր Երիցյանը հստակեցրեց՝ այսինքն, Հանրապետության 46 հասցեի հուշարձան-շենքի քանդման աշխատանքներ այս պահին չեն կարող իրականացվել։

Հայկ Մարությանն ասաց, որ քանդման թույլտվություններ քաղաքապետարանը տվել է տարածքի ավելի խորքային մասերի համար, որտեղ չկան հուշարձան-շենքեր։

Քաղաքապետարանի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանն էլ վստահեցրեց՝ Հանրապետության 46 հասցեի քանդման թույլտվություն քաղաքապետարանը չի տվել․ «Որոշակի հասցեներ՝ առնչվող Հանրապետության 46 շենքին, եղել են դեռեւս 2008 թվականի թույլտվություններ։ Այս պահին չեմ կարող տրամադրել տեղեկություն՝ դրանք հուշարձանին կից շինություններ են, թե՞ ավտոտնակներ են, որովհետեւ, ըստ այդ քանդման թույլտվությունների, բակային հատվածներում ավտոտնակներ են։ Բայց բուն հուշարձանի քանդման թույլտվություն ձեր եւ մեր կառավարման օրոք չի տրվել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031