Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական զինվորականների ներկայությունը խախտում է սահմանային բնակիչների կյանքի, ջրի, ազատ տեղաշարժվելու իրավունքները. ՄԻՊ

Հուլիս 13,2021 14:09

Ադրբեջանական զինվորականների ներկայությունն ինքնին արդեն իսկ կյանքի իրավունքի խախտում է: Այսօր այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) շենքում ասուլիս էր հրավիրել՝ անդրադառնալով ՀՀ սահմանային բնակիչների խախտված իրավունքների պաշտպանության՝ կառավարության պարտավորություններին եւ միջազգային մեխանիզմները օգտագործելու հարցում բացթողումներին։

Պարոն Թաթոյանի խոսքով, իր ասածներն ամրագրված են Եվրոպական կոնվենցիայով եւ այն խոշտանգումները, որոնք կատարվում էին արցախյան վերջին պատերազմի ընթացքում, բարձր աստիճանի ատելության խոսքը, ժամանակ առ ժամանակ կազմակերպվող կրակոցներն այսօր էլ ուղիղ վտանգ են մեր բնակիչների կյանքին:

Ըստ նրա՝ չհաշված, որ ունեցել ենք զինվորականների վիրավորումների դեպքեր:

«Այդ իրավունքը կոպտորեն խախտված է: Խոսքը վերաբերում է Սյունիքի եւ Գեղարքունիքի ամբողջ սահմանային հատվածին: Խոսքը վերաբերում է թե՛ արոտավայրերին, թե՛ սեփականության իրավունքով հողեր օգտագործելուն, թե՛ վարելահողերից օգտվելուն: Խոսքը վերաբերում է նաեւ ազատ տեղաշարժվելուն: Որովհետեւ ադրբեջանական զինվորների ներկայությունը Հայաստանի ճանապարհներին, Սյունիքի համայնքներն իրար կապող ճանապարհներին, սահմանափակում է մեր բնակիչների ազատ տեղաշարժը: Մարդիկ խուսափում են երեկոյան ժամերին Գորիս-Կապան ճանապարհով երթեւեկելուց, առավել խուսափում են Կապան- Ճակատեն եւ մյուս գյուղեր երթեւեկելուց: Խոսքը ոչ միայն զինվորականներին է վերաբերում, այլ նաեւ նրանց դրոշներին եւ ցուցանակներին: Ակնհայտ է, որ հոգեբանորեն ճնշելու համար են դրանք տեղադրել եւ այդ դրոշներն ու ցուցանակները պաշտպանելու համար էլ 5-6 ադրբեջանցի զինվորականներ են տեղակայում: Ընդ որում, նշանակություն չունի՝ նրանք զինված ուժերի թե սահմանապահ ուժերի ներկայացուցիչներ են, նրանք բոլորը զենքով մարդիկ են, որոնք ծառայություն են իրականացնում զինված»:

Արման Թաթոյանը ներկայացրեց Դավիթ Բեկ գյուղի բնակիչներից մեկի կրած վնասների հաշվարկը՝ նշելով, որ այն ներառված է ՄԻՊ գրասենյակի հավաքած փաստերի մեջ: Ըստ նրա, սահմանային գործընթացի պատճառով մարդիկ զրկվել են հողատարածքներն օգտագործելու հնարավորությունից:

«Մարդն ունի կադաստրային վկայական, որն, ի դեպ, տրվել է Խորհրդային միության ժամանակահատվածի փաստաթղթերի հիման վրա, կամ մարդը ժառանգությամբ է ստացել: Այսինքն՝ մարդն այդ ամբողջ ընթացքում մուծել է հարկեր, օգտվել է դրանից, մշակել է հողը եւ հիմա, ամբողջությամբ խաթարված է այդ լեգիտիմ իրավունքը»:

Պաշտպանը նաեւ նշեց, որ սահմանների գործընթացում խախտված են նաեւ երեխաների իրավունքները. «Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը որքան էլ ուզի՝ չի կարող միջպետական գործընթացներ նախաձեռնել, իրավասությունը չի բավարարում, բայց բավարարում է իրավասությունը, որպեսզի հավաստի փաստեր ներկայացնեն, այդ բոլոր խախտումները մատնանշվեն, ինչը հավաքագրված է»:

Պաշտպանը կարեւոր իրավունք համարեց նաեւ ջրի եւ սանիտացիայի իրավունքը, որը նույնպես խախտված է. «Ջրի իրավունքը ՄԱԿ-ի կողմից ճանաչված մարդու հիմնարար իրավունքներից է՝ հատկապես այս հարյուրամյակի համար: Ամենավառ օրինակը, որը չի քննարկվում: Խոսքը վերաբերում է Մեղրի գետի Զվարագետ վտակին. արդեն 5 տարուց ավել է ադրբեջանական զինծառայողները փոխել են Զվարագետ վտակի հունը եւ այդ վտակն այլեւս չի միախառնվում Մեղրի մայր գետին: Այդ պատճառով էլ օգոստոսից սկսած՝ լրջագույն խնդիրներ են առաջանում ջրի հասանելիության հարցում»:

Արման Թաթոյանի խոսքով, Սեւ լճի հատված ներխուժումը նույնպես ջրի իրավունքի խախտում է: Խախտում է նաեւ Գեղարքունիքի մարզի ջրային ավազաններում ադրբեջանական զինված ուժերի գտնվելու փաստը: Ըստ պաշտպանի այդ բոլորը լուրջ փաստեր են՝ պաշտպանված միջազգային իրավունքներով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031