Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ւր են մեր 300-320 հազար ընտրողները». ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը՝ Մուկուչյանին ու Ռուստամ Բադասյանին

Հուլիս 13,2021 13:48

«Ո՞ւր են մեր 300-320 հազար ընտրողները, ըստ ձեզ: Այսօր ՍԴ-ում այս հարցը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին ուղղեց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը:

Նա այսպես բացատրեց. «2017-ին ՀՀ-ում ՀՀ ԱԺ ընտրություններում գրանցվել է 1 մլն 575 հազար քվեարկության մասնակից: Մոտ մեկուկես տարի անց ՀՀ-ում ոչինչ տեղի չի ունեցել ընտրական խիստ ազդեցիկ մասնակցային գործոնի իմաստով, բացառությամբ 2018-ի ապրիլի քաղաքական հեղափոխությունից: Այլ որեւէ էական հատկանշական բան տեղի չի ունեցել: 2018-ի դեկտեմբերին ԱԺ ընտրություններ են անցկացվել, որոնք չեն զիջել իրենց մասնակցային գործոններով 2017-ի ընտրություններին: Բայց ընտրություններին մասնակցել է 1 մլն 261 հազար ընտրող, այսինքն, մոտ 320 հազար ընտրող պակաս: Մի քանի շաբաթ առաջ՝ 2021-ի ընտրություններին 1 մլն 281 հազար ընտրող է մասնակցել, որը 2017-ի համեմատ կրկին 300 հազարի տարբերություն կա: Ո՞ւր են այդ ձայները, սրանք վճռորոշ ձայներ էին ընդհուպ իշխանություն կազմելու համար»:

Մուկուչյանը պատասխանեց, որ 2017-ին ներդրվեց մեխանիզմ ցուցակների հրապարակման հետ կապված. «Այն ժամանակ էլ վերահսկողական մեխանիզմ կար, որ եթե մարդը չէր գալիս քվեարկության, հնարավոր էր հեշտությամբ ստուգել, պարզել: 2017-ին, երբ առաջին անգամ ստորագրված ցուցակների հրապարակման ինստիտուտը ներդրվեց, աննախադեպ մեծ այցելություն սկսվեց ԿԸՀ կայք, առաջին 30 րոպեներին հասանելիության հետ կապված խնդիրներ ունեցանք: Մեծ հոսքով մարդիկ սկսեցին տեղեկատվություն փնտրել իրենց ծանոթները մասնակցե՞լ են, թե՞ ոչ: Թե՛ 2017-ին, թե՛ 2018-ին ցուցակները եղել են հրապարակային ու ներկայացվող դիմումների մասով, ըստ էության, ունեցել ենք նույն պատկերը: Ինչ վերաբերում է մասնակցությանը, կարող է պատճառը լինել մեկը, մարդիկ, որ մասնակցել են ընտրություններին, հետո չեն մասնակցել: Թե ինչ պատճառով, չեմ կարող ասել»:

Վահե Գրիգորյանը նույն հարցն ուղղեց նաեւ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանին՝ ո՞ւր են 320 հազար ընտրողները. «Որեւէ ուսումնասիրություն կատարվե՞լ է, սա ընտրական անոմալիա է: Եթե նախկինում այդ ընտրողները որեւէ այլ գործոնների ազդեցությամբ են մասնակցել, որ հետագայում չեն մասնակցել, այս հարցը չի կարող անցնել աննկատ ու որեւէ պարզաբանում չունենալ: Նման անոմալիա 98-ին է եղել, երբ շեշտակի բարձրացել է ընտրողների մասնակցությունը, հարաբերականորեն կայուն մնացել է մինչեւ 2018-ը, հետո կտրուկ ընկել է: Այս հարցը ի՞նչ բացատրություն ունի»:

Բադասյանը պատասխանեց. «Կողմնակի ազդեցությունների մասին, երբ խոսք էր գնում դիտորդական առաքելությունների զեկույցներում, մեր հասարակությունն էլ ականատես էր լինում շտաբներում գումար բաժանելու դեպքերի, կողմնակի ազդեցությունների, ես միգուցե դրանով եմ բացատրում»:

Հիշեցնենք, որ այսօր 5-րդ օրն է, ինչ Սահմանադրական դատարանը շարունակում է քննել 20.06.2021թ.-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման հարցը՝ 4 քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումի հիման վրա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031