Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական բռնցքամարտն ընթանում է զարգացման նոր ուղով». Կարեն Գիլոյանն ընդունել է AIBA-ի նախագահին

Հուլիս 13,2021 14:49

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) նախագահ Ումար Կրեմլյովին:

Աշխատանքային հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

Ողջունելով Ումար Կրեմլյովի այցը Հայաստան՝ Կարեն Գիլոյանը կարևորել է բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի հետ սերտ համագործակցությունը և այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն հայտնել:

«Հայկական բռնցքամարտն ընթանում է զարգացման նոր ուղով: Մեզ համար կարևոր է առաջընթացի հեռանկարների շուրջ լիարժեք երկխոսություն ունենալ մարզաձևի միջազգային ֆեդերացիայի հետ և մեր երկրում անցկացնել միջազգային մրցաշարեր: Այս համատեքստում երաշխավորում եմ պետության աջակցությունը: Ցանկանում ենք ակտիվացնել գործընկերային հարաբերությունները և դրանք դարձնել առավել արդյունաբեր»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը և վերահաստատել միջազգային ֆեդերացիայի՝ բռնցքամարտի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամությունը:

Ումար Կրեմլյովը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, փաստել է, որ միջազգային կառույցը ևս ցանկանում է առկա համագործակցությանը նոր որակ հաղորդել: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը դրական է արձագանքել Հայաստանում խոշոր մրցաշար կազմակերպելու առաջարկին՝ չբացառելով անգամ Եվրոպայի մեծահասակների առաջնությունը մեր երկրում անցկացնելու հնարավորությունը:

«Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ընտրությունները բարձր մակարդակով կազմակերպելու համար: Ի դեմս Հովհաննես Հովսեփյանի՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան  շատ ակտիվ և նախաձեռնող ղեկավար ունի: AIBA-ն գործուն քայլեր է ձեռնարկում համաշխարհային սպորտում բռնցքամարտի տեղն առավել ամրապնդելու, մարզաձևի լավագույն ավանդույթները վերականգնելու ուղղությամբ և բաց է համագործակցության համար: Մեծ հարգանքով եմ վերաբերում ձեր պատմական երկրին և ժողովրդին, որը սպորտի նկատմամբ առանձնակի ջերմ վերաբերմունք ունի»,- ասել է Ումար Կրեմլյովը:

Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը Կարեն Գիլոյանին հրավիրել է ներկա գտնվելու հոկտեմբերին Սերբիայում կայանալիք բռնցքամարտի աշխարհի առաջնությանը, ինչին ԿԳՄՍ նախարարի տեղակալը դրական է արձագանքել:

 ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031