Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանին նոր որոշում ընդունեց․ ինքնակամ կառույցները կարող են համայնքային սեփականություն դառնան կամ քանդվեն

Հուլիս 13,2021 13:28

Երեւանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում որոշում կայացվեց փոփոխություն կատարել Երեւան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբեր 23-ի «Երեւան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու եւ օտարման 2021 թվականի ծրագրի վերաբերյալ» որոշման մեջ:

Extraordinary session of Yerevan Council of Elders was convened at the Municipality of Yerevan, Armenia

Նախագիծը ներկայացրեց քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը։ Նախագծով առաջարկվում է ավագանու 23.12.2020 թվականի թիվ 315-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը, որի համաձայն՝ ինքնակամ կառույցների օտարման կամ օգտագործման տրամադրելու հետ կապված հարաբերությունները ենթակա են կարգավորման ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմանը համապատասխան, ուժը կորցրած ճանաչել։ Արդյունքում, ինչպես ասաց պարոն Մարգարյանը, Երեւանի ավագանին փոխում է նշված գույքերի տնօրինման կարգը․ «Այսուհետ, Երեւանի տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց հայեցողությամբ տնօրինելու են գույքն աճուրդային վաճառքի միջոցով, շուկայական արժեքով օրինականացնելուց հետո այդ կառույցները հնարավորություն են ունենալու օտարելու, վարձակալելու, համայնքի կարիքների համար օգտագործելու, ինչպես նաեւ համապատասխան որոշմամբ՝ քանդելու»։

ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն այս նախագիծը համարեց խնդրահարույց, նշելով՝ դրա կիրառման ընթացքում բազում խնդիրներ կառաջանան։ Նրա կարծիքով նախագիծը հապճեպ է դրվել շրջանառության մեջ։ Պարոն Մանրիկյանը երկու հարց ուղղեց՝ ասում եք՝ քաղաքապետը կարող է քանդման որոշում կայացնել, իսկ եթե կա հայցի ապահովման միջոցի կիրառում դատարանի կողմից, այդ դեպքում ի՞նչ ընթացք է ստանալու, կամ կառուցված գույքը քաղաքապետարանը կարող է պետականացնել եւ հետո օտարել, հետագայում տվյալ քաղաքացուն, որը կառուցել է այդ շինությունը, առաջնահերթություն տրվելո՞ւ է օտարման ժամանակ։

Տարոն Մարգարյանն ի պատասխան ասաց՝ եթե դատարանը որոշել է չքանդել, ապա չի քանդվի, գույքի օտարման ժամանակ նշված անձին նախապատվություն չի տրվելու։

«Այդ դեպքում տվյալ անձի իրավունքները ոտնահարում ենք, չնայած զանցանքն է գործել՝ ապօրինի է կառուցել։ Բայց ես կոռուպցիոն ռիսկեր եմ տեսնում։ Կարծում եմ՝ նախագիծը լրամշակման կարիք ունի»,-արձագանքեց Միքայել Մանրիկյանը։

Որոշումը ո՞ր ժամանակահատվածից է կիրառվելու, հնարավո՞ր է որոշումը կիրառվի նաեւ խորհրդային տարիների կառույցների նկատմամբ. հետաքրքրվեց «Իմ քայլ»-ի անդամը։

«Այն բոլոր գույքերը, որոնց վերաբերյալ դիմումներ ներկայացված չեն մինչեւ հունվարի 31-ը, կամ առհասարակ ներկայացված չեն, համայնքին այլեւս այդ քաղաքացիներին այդ գույքը օտարելու պարտավորություն չի ունենալու։ Այդ գույքերն օրինականացվելու են համայնքի անունով եւ յուրաքանչյուր դեպքում այդ գույքի ճակատագիրը Երեւանի ՏԻՄ-ն է որոշելու»,-պատասխանեց Տարոն Մարգարյանը։ Ճշտող հարցին՝ ցանկացած սեփական տուն, նույնիսկ խորհրդային տարիներից եթե որեւէ դիմում չի ներկայացրել, կարո՞ղ է անցնել համայնքին, եւ որոշվի, որ այն քանդման ենթակա է։

Տարոն Մարգարյանն ի պատասխան ասաց՝ խորհրդային տարիներից սկսած ինքնակամ շինություններ որպես այդպիսին չեն լինում․ «Նախագիծը վերաբերում է միայն համայնքային հողի վրա կառուցված ինքնակամ շինություններին։ Այո, կարող են լինել նաեւ հին ինքնակամ կառույցներ, որոնք դիմում չեն ներկայացրել, եւ այս նախագծի կարգավորումների համաձայն, դրան տնօրինումն 912 որոշմամբ չիրականցվեն»։

Որոշումն ընդունվեց եւ փաստորեն՝ մինչեւ հունվարի 31-ը օրինականացման դիմումներ չներկայացված ինքնակամ շինությունները, որոնք կառուցվել են համայնքային սեփականություն հանդիսացող հողի վրա, դառնալու է համայնքային սեփականություն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Հ. Գ. Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ՖԲ էջում գրել է. «Երեւանի ավագանին քիչ առաջ անչափ կարեւոր, եթե չասենք` պատմական որոշում կայացրեց:

Ըստ դրա, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցը այսուհետեւ կարող է քանդվել Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ անկախ կառույցի ավարտվածության աստիճանից և օրինականացման ենթակա լինել կամ չլինելու հանգամանքից:

Սա, ըստ էության, մեծապես լուծում է համայնքային հողի զավթումով ապօրինի կառույցների հարցը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031