«Ճիշտ է, սահմանային բնակիչների իրավունքների խախտումները կատարում են ադրբեջանական զինծառայողները, բայց Հայաստանի հանրապետությունն ունի մեր քաղաքացիներին պաշտպանելու պարտավորություն: Եվ այն պատճառով, որ հարցերը դիտարկվում են ռազմական ու քաղաքական տեսանկյունից, մարդու իրավունքների պաշտպանության պարտավորությունները հաջողություն չեն ունենում»,-այսօր Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) շենքում կազմակերպված ասուլիսում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նրա խոսքով, պետական սահմանների հարցերում պետք է հիմքում դնել մարդու իրավունքները: Ըստ նրա, պետք է նկատի ունենալ, որ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներն ավելի լայն են եւ պետությանը տալիս են հնարավորություն՝ միջազգային ատյաններում օգտվելու այդ մեխանիզմներից:
Արման Թաթոյանի համոզմամբ, մարդու իրավունքները հիմքում դնելու դեպքում պետությունը հնարավորություն կունենա քաղաքական ատյաններում ուժեղացնել իր դիրքորոշումները՝ հատկապես, որ ձեռքի տակ ունի փաստեր. «Հիմա ադրբեջանական իշխանությունները լայնորեն զարգացրել են խաղաղասիրական գործընթացներ եւ, իմ դիտարկումներով, փոխվել է նաեւ նրանց գործելաոճը, բայց միջազգայնորեն կազմակերպված քննարկումների ժամանակ մենք կարողացանք իրականությունը ներկայացնել հենց այդ փաստերի շնորհիվ: Մարդու իրավունքների խախտումները դրանք կոնկրետ փաստերով են եւ աշխարհաքաղաքական, ռազմավարական հարցերում այս փաստերը միանգամայն կօգնեն: Այսինքն՝ մարդու իրավունքների հարցերով մենք ուժեղացնում ենք մյուս բոլոր բաղադրիչները: Ակնհայտ է, որ Ադրբեջանին ռազմական ու քաղաքական տարբերակն է ձեռնտու, որովհետեւ խախտումների հարցում մենք ավելի մեծ հնարավորություն ունենք ներկայացնելու»:
Պաշտպանն ասաց, որ ունենք պաշտոնյաներ, որոնք իրենց հայտարարություններով պարզապես, նվերներ են մատուցում ադրբեջանական իշխանություններին՝ մարդու իրավունքների խախտումները ցույց տալու հարցում: Պարոն Թաթոյանը որպես օրինակ նշեց վերջերս Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած փոխհրաձգությունը, ինչը հաստատել էր նաեւ ՀՀ ՊՆ-ն. «Դրանից հետո մենք նախաձեռնեցինք փաստահավաք աշխատանքներ: Ընդ որում` այդ կրակոցները եղել էին այն վայրում, որտեղ ադրբեջանցիները գտնվում էին Հայաստանի ինքնիշխան տարածքում: Քաղաքացիական բնակչությունը նույնպես հաստատեց, որ եղել են կրակոցներ, ավելին՝ արոտավայրերում, սարատեղիներում ակնհայտ լսվել են դրանք: Լրատվամիջոցներից մեկը, կարծում եմ ուղղորդված, հարց է տալիս Վերին Շորժայի գյուղապետին՝ իսկ ադրբեջանցիները խոչընդոտո՞ւմ են գյուղացիների աշխատանքը: Վարչական շրջանի ղեկավարն էլ պատասխանում է՝ չէ, ինչ խոչընդոտել, գյուղացիները սկի այդ կողմը չեն էլ գնում: Ինչպե՞ս կարելի է այդպիսի բան ասել, երբ ես եղել եմ այդ տեղում եւ տեսել՝ ինչպես են ադրբեջանական զինվորները նստած այն վայրում, որտեղ մեր արոտավայրերն են եւ գյուղացիները չեն կարողանում օգտվել այդ արոտավայրերից, իրենց գոմերից: Եվ նման հայտարարություն է անում գյուղի վարչական շրջանի ղեկավարը, որն ամենատեղեկացված մարդն է: Հիմա, ես ինչքան էլ գնամ, միջազգային ատյաններում ասեմ՝ ադրբեջանական զինծառայողները խախտում են մեր քաղաքացիների իրավունքները, կբերեն այս մարդու հայտարարությունները, կասեն՝ նայեք ձեր գյուղապետերն ինչ են ասում, գյուղացիները ոչ մի խնդիր էլ չունեն»:
Ըստ Արման Թաթոյանի երկրի ներսում պետք է լինի կազմակերպված քաղաքականություն, որպեսզի այս հարցում ունենանք հաջողություններ. «ՀՀ-ն ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ է, սա բացառիկ հնարավորություններից մեկն է, որը պետք է օգտագործել սահմանային հարցերն առաջ տանելու, խախտումներն արձանագրելու համար»:
Կարդացեք նաև
Պաշտպանն այն կարծիքին է, որ պետք է քրեական պատասխանատվության ենթարկել այն պաշտոնյաներին, որոնք գիտակցված կամ չգիտակցված հայտարարություններ են անում, որոնք վնասում են ՀՀ քաղաքացու շահերը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ