Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրիի «Երիտասարդական» զբոսայգու տարածքի օտարման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել. դատախազությունը՝ մամուլում հրապարակման հետքերով

Հուլիս 13,2021 13:34

 2021 թվականի հունիսի 25-ին  «Aravot.am» լրատվական կայքէջում հրապարակվել է «Գյումրիում բողոքի ալիք է հասունանում. հովանավորչությամբ՝ այգին ոչնչացնելու հաշվին պահեստ են կառուցում» վերտառությամբ հոդվածը:

ՀՀ դատախազությունում իրականացվող ԶԼՄ մշտադիտարկմամբ նշված հրապարակումը վեր է հանվել և Շիրակի մարզի դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ:

Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ Գյումրի քաղաքի Վ.Սարգսյան փողոցի 26/6 հասցեում գտնվող 3.000ք/մ մակերեսով հողամասը, որը համընկնում է Գյումրու «երիտասարդական» այգու տարածքին և որում ներառված են նաև ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված` քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողեր, 2018թ. մարտի 19-ին Գյումրու համայնքապետարանի կողմից ուղղակի վաճառքի միջոցով, 3.726.000 ՀՀ դրամ գումարով օտարվել է տվյալ ժամանակահատվածում Գյումրի համայնքի ավագանու անդամ հանդիսացած անձին:

Հիշյալ պայմաններում ՀՀ կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանումում Գյումրի քաղաքի Վ.Սարգսյան փողոցի 26/6-րդ հասցեում գտնվող հողամասի նկատմամբ 2018թ. մայիսի 21-ին գրանցվել է նշված անձի սեփականության իրավունքը:

Դրանից հետո` 2019թ. մայիսի 5-ին, սեփականատերը նշված հողամասը 12.000.000 ՀՀ դրամով օտարել է «Դոմուս» առևտրային ցանցի սեփականատեր, ՍՊ ընկերության միակ մասնակից անձին, որից հետո Ընկերությանը Գյումրիի համայնքապետարանի կողմից տրվել է առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու համար շինարարության թույլտվություն: Հողամասում կառուցվում է պահեստ, մինչդեռ, ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ նախկինում համաձայնեցված է եղել տվյալ հողամասում սրճարան կառուցելու առաջարկությունը:

Նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031