Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անմահացավ վիրավոր զինակցի կյանքը փրկելու իր անհաշվելի սխրանքներից վերջինը չհասցնելով

Հուլիս 13,2021 13:09

Մաթեմատիկական հատուկ ունակություններ, հաջողություններ սպորտում՝ լող, ձյուդո, ֆուտբոլ /Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամ/. սրանք Արցախի 44 օրյա պատերազմում հերոսացած Նորայր Արտեմյանի  բազմակողմանի զարգացած լինելու տեսակը բնորոշող օրինակներ են, բայց ոչ ամբողջական պատկերը:

Նորայրը Երևանի պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի և կիբեռնետիկայի ֆակուլտետի ուսանող էր. ավարտել չհասցրեց:

2020-ի չարաբաստիկ սեպտեմբերի 27-ին Նորայր Արտեմյանն ընդամենը 19 տարեկան էր, 8 ամսվա զինծառայող: Հրետանավոր էր, ապա՝ հաշվարկի հրամանատար:

Պարզ է, որ կրտսեր սերժանտը պատերազմում կռվելու փորձառություն չուներ, ինչպես իր հասակակից բազմաթիվ զինծառայողներ: Սակայն սթափ դատելու ու խելամիտ հաշվարկներ կատարելու բացառիկ ունակությունները առաջնորդում էին անձնուրաց կռիվ տալ Հադրութի պաշտպանության ընթացքում,  հարավային և հարավ-արևելյան տարբեր հատվածներում ծավալվող թեժ մարտերում:

Նրա հրամանով արձակված ավելի քան 200 արկը մեծ կորուստներ են հասցրել թշնամու տեխնիկային և կենդանի ուժին:

Մարտական ընկերները հետո պիտի պատմեին նրա անհավանական ու վարակիչ խիզախության մասին: Նորայրին  պատերազմի ընթացքում առաջարկել են ծառայությունը շարունակել որպես դասակի հրամանատար և ղեկավարել մարտական գործողությունները՝ ցուցաբերած արիության ու ռազմական հմտությունների համար: Մարտի ամենաթեժ ժամերին 19 ամյա զինծառայողի խելամիտ որոշումներ կայացնելու կարողությունները, կարծես, սովորական էին դարձել: Իսկ իր զինտեխնիկան 3 անգամ ինքնուրույն նորոգելու վարպետությունը անհավանական թվացող շշուկի նման պատմվում էր զինվորից զինվոր:

Հերոսաբար մարտնչելու ու կյանքի գնով վիրավոր զինակիցներին փրկելու նրա ամենօրյա սխրանքները ապրողները դեռ երկար են հիշելու: Լուսակերտում ծառայակից ընկերները առյուծ Նորո էին ասում, Վարանդայում՝ Արցախի արծիվ, իսկ պատերազմի ընթացքում՝ փրկիչ։

Հոկտեմբերի 28-ին Մարտունու շրջանի Շեխեր գյուղում էր, չորսով էին, երկնքից ասես կրակ էր թափվում, վիրավոր զինակցին պետք էր օգնել հասցնել շտապօգնության մեքենային, ընկերները հորդորել են, որ հետ գա, չի հասցնի, բայց հետ դարձողներից չէր… Հենց շտապօգնության մեքենայի մոտ էլ զոհվել է` վիրավոր զինծառայողի ու մյուս զինակցի հետ միասին: Անմահացել է` վիրավոր զինվորների կյանքը փրկելու իր անհաշվելի սխրանքներից վերջինը չհասցնելով:

Նպատակներ, երազանքներ շատ ուներ, բայց հրաժարվում էր հենց որ հայրենի երկրից գնալու խնդրի առաջ էր կանգնում: Տաղանդավոր սպորտսմենը նախ հրաժարվեց հայտնի ֆուտբոլիստ դառնալու հեռանկարային առաջարկից` իր տունն ու ծնողներին ոչ մի պայմանով չլքելու հաստատակամությամբ: Հետո հրաժարվեց նաև արտերկրում սովորելու հնարավորությունից:  Պատերազմից գալուց հետո պիտի շարունակեր ուսումը, ծրագրավորող էր որոշել դառնալ:

Հայրենասիրության մասին պերճախոսությամբ երբեք աչքի չի ընկել, նրա համար հայրենիքի հանդեպ սերը գործ էր: Լուռ էր նաև սեփական հաջողությունները բարձրաձայնելու գործում: Մաթեմատիկական նոր բանաձև էր դուրս բերել, հիացած դասախոսը մտադիր էր այն գիտական շրջանառության մեջ դնելու քայլեր սկսել:

Քույրը պատմում է, որ այդ չարաբաստիկ օրերին գրեթե ամեն օր խոսել են. «Միշտ լավ էր տրամադրված, անընդմեջ իր ուժն էր փոխանցում, ամեն անգամ խոսելուց հետո ասես լցվում էինք նոր հույսով։ Եվ երբ ասում էինք` Նոր զգույշ կլինես, քեզ լավ պահիր, պատասխանում էր. «Ես Մարդ եմ, չեմ կարող անտարբեր մնալ»: Իսկ երբ ասացի, թե բոլոր դասընկերուհիներդ քեզնից են հարցնում, հակառակ իր համեստ բնավորությանը պատասխանեց, որ կարող եմ վստահ գլուխ գովել` անում է անհնարինը, կպատմի, երբ տուն գա…»:

Ծառայության ընթացքում քույրերից հաճախ է գրքեր խնդրել` զինակից ընկերներին ևս վարակելով իր ընթերցասիրությամբ ու դասական երաժշտություն նկատմամբ սիրով:

«Սիրում եմ քեզ ու սիրելու եմ բոլոր մյուս կյանքերում, ես քո ժպիտը կճանաչեմ, դու միայն ժպտա…». սիրելիին ուղված նամակներից մեկում գրել էր Նորայրը ու ոչ մի վայրկյան չէր կասկածում, որ հետ է գալու:

Հ.Գ. Նորայր Արտեմյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել  է «Մարտական ծառայություն» մեդալով:

Հուլիս 13-ին Նորայր Արտեմյանի ծննդյան օրն է. կդառնար 20 տարեկան:

Նարա ԵՓՐԵՄՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031