Ի՞նչ խնդիր է լուծելու «բոլորին դեմ» հարցը: Այսօր Սահմանադրական դատարանում այս հարցը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն ուղղեց «Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանին:
Նա պատասխանեց, որ ԱԺ իրական ու ժողովրդավարական գործընթացների համար է այն պետք. «Մարդն իրավունք ունի ընտրելու, իրավունք ունի չընտրելու ու իրավունք ունի բոլորին դեմ քվեարկելու, թեկուզ այն պատճառով, որ իր թեկնածուն չկա»:
Գալստյանը Բրազիլիայի օրինակը բերեց, երբ տարիներ առաջ քաղաքապետ ընտրելիս այնպես է ստացվել, որ որեւէ թեկնածուի կողմ չեն քվեարկել. «Գազանանոցի կապիկը հավաքել էր 400 հազար ձայն, որովհետեւ այնտեղ ժողովուրդն իրավունք է ունեցել ընտրելու կապիկի անունը»:
Նա ասաց` պատկերացրեք մի իրավիճակ, երբ մի թեկնածու է գրանցվում, ի՞նչ է լինում, մեկ ձայնով ընտրվում է ու երկիրը կառավարո՞ւմ. «Այսօրվա իրավիճակում փաստացի ունենք 51% չմասնակցություն, դա կարծիք է: ՀՀ ժողովրդի 51%-ի կարծիքը չլսելը այն հիմքով, որ ԱԺ-ն պետք է լինի, սխալ կարծիք է»,- ասաց Գալստյանը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ այսօր 5-րդ օրն է, ինչ Սահմանադրական դատարանը շարունակում է քննել 20.06.2021թ.-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման հարցը՝ 4 քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումի հիման վրա:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ