Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ամուլսարի գործով ներկայացրել է ոչ ճիշտ հայցատեսակ. Վերաքննիչ դատարանը գործը նոր քննության է ուղարկել բացառապես դատավարական հիմնավորումներով»

Հուլիս 13,2021 12:43

«Լիդիան Արմենիա» ընկերության իրավախորհրդատու, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սայադ Բադալյանի պարզաբանումն օրերս Ամուլսարի գործով վերաքննիչ դատարանի կայացրած որոշման վերաբերյալ

«Սույն թվականի հուլիսի 9-ին Ecolur տեղեկատվական ՀԿ-ն տեղեկություն էր տարածել, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի և Գնդեվազ բնակավայրի 19 բնակիչների վերաքննիչ բողոքն Ամուլսարի գործով: Տեղեկությունը տարածվել էր այն լույսի ներքո, թե իբր դատարանը հիմնավոր է համարել հայցվորների ներկայացրած պահանջը Ամուլսարի ՇՄԱԳ եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ։

Մինչդեռ, իրականությունն այլ է։

Նախևառաջ անհրաժեշտ է ընդգծել, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որևէ դիրքորոշում հայցվորների փաստարկների վերաբերյալ չի հայտնել, մինչդեռ վերոնշյալ աղբյուրի ձևակերպումներից ընթերցողի մոտ կարող է նման տպավորություն ստեղծվել։ Դատարանը գործը նոր քննության է ուղարկել բացառապես դատավարական հիմնավորումներով։ Մասնավորապես, ըստ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի եզրահանգման, հայցվորների ներկայացուցչի` Նազելի Վարդանյանի կողմից ներկայացվել է ոչ ճիշտ հայցատեսակ։

Արձանագրելով այս փաստը՝ դատարանն այլ ելք չի ունեցել, քան գործը նոր քննության համար առաջին ատյանի դատարան ուղարկելը, որպեսզի վերջինս առաջարկի հայցվորներին ներկայացնելու պատշաճ հայցատեսակ։

Նման պայմաններում անհասկանալի է որոշ լրատվամիջոցներով Նազելի Վարդանյանի կողմից վերոնշյալը որպես «հաղթանակ» ներկայացնելը։ Կարծում ենք, որ նրա արձագանքն այդ դատական ակտին պետք է ճիշտ հակառակը լիներ, քանի որ դրանով արձանագրված է իր իսկ կողմից ոչ ճիշտ հայցատեսակի ներկայացման փաստը։

Կրկին ընդգծենք, որ քննարկվող դատական ակտով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որևէ բովանդակային դիրքորոշում չի հայտնել ՇՄԱԳ-ն ուժը կորցրած ճանաչելու՝ հայցվորների վկայակոչած փաստարկների վերաբերյալ, քանի որ ոչ ճիշտ հայցատեսակի ներկայացման պայմաններում դատարանը նման դատավարական հնարավորություն առհասարակ չուներ»։

Լիդիան Արմենիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031