Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ժողովուրդը 2018-ին վարչապետ չի ընտրել, Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի ընտրվել, նշանակվել է ՀՀ նախագահի կողմից». Արամ Վարդեւանյան

Հուլիս 13,2021 12:39

«Հայ ժողովուրդը 2018-ին վարչապետ չի ընտրել, հայ ժողովուրդը 2018-ին կուսակցությունների մեջ ընտրել է իրենց համար նախընտրելի կուսակցություն: Կուսակցության մեջ եղել են բազմաթիվ անձինք»,- այսօր Սահմանադրական դատարանում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը այսպես պատասխանեց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հարցին, թե ինչո՞ւ պետք է սահմանադիրը առաջնորդվեր այն տարբերակով, որ ժողովրդավարությամբ ընտրված լեգիտիմ պաշտոնյան հրաժարականից հետո չպետք է պաշտոնավարեր:

Վարդեւանյանը պնդեց, որ ժողովուրդը ընտրել է «Իմ քայլը» խմբակցությունը, փոխվարչապետերից առնվազն եւս մեկը նույն կերպ ընտրված է եղել: Նա ասաց, որ ցուցակի առաջին համարը մեխանիկորեն չի նշանակում, որ լինելու է վարչապետ: Ըստ Վարդեւանյանի, մի նժարի վրա ժողովրդավարությունն է, մյուս նժարի վրա՝ իրավական պետության սկզբունքը: Պետք է իսպառ բացառվի իրավական պետության սկզբունքի խախտումը. «Այն, որ պետք է փոխվարչապետը պաշտոնավարի, դա ե՛ւ իրավական, ե՛ւ ժողովրդավարական մոդել է»:

Վարդեւանյանը եւս մեկ անգամ պնդեց. «Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի ընտրվել, նշանակվել է ՀՀ նախագահի կողմից հաշվի առնելով խորհրդարանական մեծամասնության դիրքորոշումը»:

Հիշեցնենք, որ այսօր 5-րդ օրն է, ինչ Սահմանադրական դատարանը շարունակում է քննել 20.06.2021թ.-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման հարցը՝ 4 քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումի հիման վրա:

Վարդեւանյանը հիշեցրեց, որ Հայաստանն այս իրավիճակում նույնիսկ արտաքին գործերի նախարար, փոխնախարար չունի ու փորձում է հաղթահարել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031