Սահմանադրական դատարանը շարունակում է քննել 20.06.2021թ.-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման հարցը՝ 4 քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումի հիման վրա:
ՔՊ ներկայացուցիչ Ռուստամ Բադալյանին հրաժարվեցին հարցեր ուղղել դատավորները, դիմումատուները: Միայն «Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ԿԸՀ նախագահի, տարիներ ի վեր կեղծված ընտրությունների մասին:
Նա հարցրեց՝ ինձ հետաքրքիր է ԿԸՀ-ի մասին ՔՊ-ի կարծիքը, ինչո՞վ է պայմանավորված ներկայիս ԿԸՀ-ի վերաբերյալ ձեր վստահությունը, երբ նախորդ ընտրություններին չեք վստահել ԿԸՀ-ին, իսկ Տիգրան Մուկուչյանը, ԿԸՀ մի շարք անդամներ շարունակում են պաշտոնավարել այդ տարիներից ի վեր:
Բադասյանը պատասխանեց, որ քաղաքական գնահատականները պետք է տարբերակել իրավականից. «Ընտրությունների կեղծման հետ կապված երբ քաղաքական գնահատական էր տրվում, հիմք էր ընդունվում որոշ փաստեր: Տեղամասային, տարածքային, ԿԸՀ եռաստիճան համակարգն էր հիմք ընդունվում: Երբ ՔՊ-ն նոր էր ձեւավորվում, հստակ նշել է, որ թիվ մեկ խնդիրն է տեղամասային հանձնաժողովներում ունենալ վստահված անձինք: ԿԸՀ-ին տրվել է գնահատական ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից, որ ընտրությունները կազմակերպող մարմինը գործել է թափանցիկ, վայելել է մասնակիցների վստահությունը:
Կարդացեք նաև
Զոհրաբյանը հարցրեց ճի՞շտ հասկացա, որ վստահում եք ԿԸՀ-ին: Բադասյանի պատասխանը դրական էր: Նա ասաց, որ վստահում է նաեւ ՍԴ-ին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հ. Գ. «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ, Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ՖԲ էջում արձագանքել է Ռուստամ Բադասյանի պատասխաններին. «Ցավում եմ, որ ՍԴ-ում Արդարադատության նախարարը չկարողացավ պատասխանել Արա Զոհրաբյանի հետևյալ հարցերին.
1. 2018 թվականի կառավարության ծրագրում իրոք գրված էր, որ պետք է մատնահետքերի ստուգման ու ընտրողների ցուցակների՝ ՍԷԿՏ-ով ստուգման մեխանիզմ ներդրվի (թեև ես այն ժամանակ խնդրում էի այդ անհեթեթությունը չգրել): Ըստ այդմ` նշեմ, որ Ընտրական բարեփոխումների վարչապետին կից հանձնաժողովի կազմած հայեցակարգում մանրամասն բացատրած է, թե ինչու դա չի արվել:
2. 2018 թվականի գործադիրի այդ ծրագրում նշված էր, որ ընտրողների ուռճացված ցուցակները պետք է բերել ու մոտեցնել իրականին: Իրականում լուրջ պրոգրես կա՝ 2018 թվականին մշակվել ու 2021 թվականի մայիսի 7-ին ընդունվել է փոփոխություն, որով ժամկետանց անձնագրերով մարդիկ դուրս կգան ընտրողների ցուցակներից (փաստացի վաղուց ՀՀ-ում չգտնվող, բայց ցուցակներում մնացած ընտրողների մեծ մասի անձնագրի վավերականությունը վաղուց պրծել է):
3. 2018 թվականի նույն այդ ծրագրով նախատեսված էր ընտրական հանցագործությունների դեմ պայքարը խստացնել ու իրավապահ համակարգում ստեղծել մասնագիտացված ստորաբաժանում: Ասեմ, որ դեռևս 2018 թվականին Քննչական կոմիտեում (ՀԿԳ կազմում) ստեղծվել է ընտրական հանցագործությունների քննության վարչությունը»: