Սահմանադրական դատարանը շարունակում է քննել 20.06.2021թ.-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման հարցը՝ 4 քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումի հիման վրա:
Այսօրվա նիստում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հարցեր ուղղեց դիմումատուներին, մասնավորապես՝ Դավիթ Հարությունյանին, որը ներկայացնում է «Պատիվ ունեմ» դաշինքը: Հարցը վերաբերում էր վարչապետի պաշտոնավարմանը՝ հրաժարականից հետո. «Մենք գործ չունենք սովորական մի պաշտոնյայի հետ, գործ ունենք մի պաշտոնյայի հետ, որի այդ պաշտոնում հայտնվելը ժողովրդավարական գործընթացի արդյունք է: ԱԺ-ն նույնիսկ վարչապետի ընտրության հարցում որեւէ դերակատարում չունի, ընդամենը տեխնիկական միջնորդավորվածությամբ հանդերձ՝ ժողովուրդն է ընտրում վարչապետին: Ձեր առաջարկած տարբերակն այն մասին է, որ երբ ՀՀ վարչապետը հրաժարական է ներկայացնում, նա չի կարող շարունակել պաշտոնավարել այդ պաշտոնում; Պաշտոնը պիտի թափուր մնա: ՀՀ գործադիր բարձրագույն պաշտոնյայի պաշտոնավարման շարունակականությունը պաշտպանվում է ժողովրդավարության նկատառումներով: Ի՞նչ սահմանադրությամբ պաշտպանվող արժեք, շահ կա ձեր առաջադրված տարբերակով մեկնաբանության հիմքում: Ինչո՞ւ պիտի սահմանադիրը առաջնորդվի այն տարբերակով, որ ժողովրդի կողմից ընտրված բարձրադիր պետական պաշտոնյան չկարողանար պաշտոնավարեր, փոխարենը պաշտոնավարեր մի անձ, որի ոչ ընտրության, ոչ նշանակման, ոչ պաշտոնավարման շարունակականության վրա նույն ժողովուրդը որեւէ ազդեցություն չունի, ավելին՝ չունի նաեւ ԱԺ-ն: Ի՞նչ նկատառումներով պիտի առաջնորդվեր սահմանադիրը»:
Կարդացեք նաև
Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Լավ հարց էր, դուրս եկավ հարցը: Այն, որ վարչապետը նշանակվում է իշխող ուժից, չի փոխում վարչապետի ինստիտուտի դերը սահմանադրաիրավական կարգավորումների տիրույթում: Չի կարելի վարչապետին հավասարեցնել ուղղակի ընտրություններով ընտրված պաշտոնյայի հետ»:
Դավիթ Հարությունյանը պատմական էքսկուրս արեց. «Եկեք դիտարկենք մեր նախորդ Սահմանադրությունը, որը կիսանախագահական էր, բայց պառլամենտական թեքումով, ԱԺ-ն ուներ վճռորոշ դերակատարում՝ վարչապետին ընտրելիս: Հրաժարականի դեպքում այնտեղ շարունակում են գործել նախարարները, բայց ոչ վարչապետը, ինչո՞ւ: Որովհետեւ սահմանադիրը շատ հստակ պատկերացնում է հրաժարականի ինստիտուտը: Հրաժարական տալը ու հրաժարական տված համարվելը բացարձակապես տարբեր բաներ են: Չի կարելի իրավունքը ծռմռել ու հարմարեցնել սեփական շահին: Արհեստականորեն մեկ անձ մանիպուլյացիաների ենթարկելով ԱԺ մեծամասնությանը, հրաժարական չի տալիս, վարչապետի ինստիտուտները օգտագործում է: Օրինակ, վարչապետի գործունեության ընթացքում երկիրը կրում է վիթխարի կորուստ ու մի բան է տեղի ունենում, երբ անձը այլեւս չի կարող ղեկավարել, հրաժարական է տալիս: Ֆոկուսներով՝ հրաժարվեցի, բայց այնքան էլ չհրաժարվեցի, դարձա ժպ, դա սահմանադրությամբ պաշտպանվող արժեք չէ»:
Վահե Գրիգորյանն ասաց, որ պետք է նայել, թե ինչ հետեւանք է դա ունենալու. վարչապետ Փաշինյանը ապրիլի 25-ին հրաժարական է ներկայացրել: Այսօր հուլիսի 13-ն է: Նա ասաց, որ ՍԴ-ում վիճարկվում են ընտրությունների արդյունքները, շրջապտույտի մեջ կարող է լինել ու երկար շարունակել: Ինչո՞ւ պիտի սահմանադիրը ընտրեր այն տարբերակը, երբ գործադիր իշխանության բարձրադիր պաշտոնը մնար առանց ժողովրդավարական լեգիտիմությամբ օժտված պաշտոնյայի, ինչո՞ւ պիտի սահմանադիրը ընտրեր անորոշությունը՝ որոշակիի փոխարեն:
Դավիթ Հարությունյանը որակեց, որ ինչքան առաջին հարցը դուրն եկել էր, նույնքան երկրորդ հարցը դուրը չի եկել, այն կապվում է ուղղակիորեն Փաշինյանի հետ. «Վարչապետի հրաժարականի ինստիտուտը սահմանադիրը ստեղծել է ոչ թե այն նպատակով, որ ցրի ԱԺ-ն ու ձեւավորի այն պահին, որը ինքը համարի պատեհ: Այլ երկրներում գտեք նմանատիպ օրինակներ եւ կհամոզվեք, որ դա դրա գործիքը չէ: Իսկ ի՞նչ էր նախատեսում Սահմանադրությունը, որ երկար ժամանակ չպե՞տք է ունենա այնպիսի ղեկավար, որն ունի բարձր լեգիտիմություն: Ոչ: Այս ամենը տեղի ունեցավ մի պատճառով՝ վարչապետը փորձեց վարչապետի հրաժարականի գործիքը օգտագործել այլ նպատակով: Փակուղային իրավիճակներում,երբ խորհրդարանին որեւէ ձեւով չի հաջողվում ընտրել վարչապետ, այդ դեպքում է երկրորդ պրոցեսը լինում, բայց ոչ արհեստականորեն դա արվի: Իսկ եթե վարչապետը ստանար այլ երկրի քաղաքացիություն: Նույն հարցը չէի՞նք տա, բա երկիրը այսքան ժամանակ, բա լեգիտիմությունը…»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ