Պետական երաժշտական կամերային թատրոնի անձնակազմին ԿԳՄՍ նախարարությունից առաջարկել են տեղափոխվել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի շենք, ինչին Պետական երաժշտական կամերային թատրոնի ամբողջ անձնակազմը դեմ է:
«Իրենց բացատրությունը հետևյալն է. ասում են՝ ձեզ չենք զրկում աշխատավարձից, աշխատանքից, ուզում ենք օպտիմալացնել ու միավորել Պարոնյանի անվան թատրոնի հետ: Իրենց պատճառաբանությամբ, ուզում են, որ մենք գնանք Պարոնյանի անվան թատրոն, և մեզ տալիս են լայն հնարավորություն, բեմ, երգչախումբ, պարախումբ: Բայց երկու թատրոններն անհամատեղելի են թե՛ ֆունկցիոնալ, թե՛ նաև կատարողական տեսանկյունից: Բացի երաժշտական բառից՝ թատրոններին ուրիշ ոչ մի բան չի կապում: Մեր թատրոնի գործառույթն ուրիշ է, մյուս թատրոնինը՝ ուրիշ, մեր ճանապարհն ուրիշ է, իրենցը՝ ուրիշ: Մեր խաղացանկն ուրիշ է, իրենց խաղացանկը՝ ուրիշ: Մենք բոլորս մտածում ենք, որ դա անհնարին տարբերակ է, և իրենց առաջարկը չի կարող կյանքի կոչվել»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Պետական երաժշտական կամերային թատրոնի դերասան Արթուր Պետրոսյանը:
Դերասանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ դեպքում անհայտ է մնում նաև անձնակազմի ճակատագիրը: «Երկու կառույցների՝ Պետական երաժշտական կամերային ու Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոններին անհարմարության մեջ դնելով՝ փորձում են լուծել մեկ ուրիշ՝ երրորդ կառույցի խնդիր: Ինչ-որ ՊՈԱԿ-ի կամ կազմակերպության լավություն են ուզում անել, շենք տրամադրել՝ մեզ զրկելով մեր շենքից ու միավորելով Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի հետ»,-ասաց նա՝ չհստակեցնելով, թե ում են ուզում շենքը տալ:
«Ստացվում է՝ ասում են՝ գնա ու հարևանիդ տանն ապրիր: Այստեղ տաղանդն ու կարողությունները կապ չունեն, այստեղ քաղաքականությունը լրիվ ուրիշ կողմ է գնում: Իրենց միտումը շենքի խնդիրն է ու հենց մեզնից են սկսել:
Կարդացեք նաև
Մենք ձեռքներս ծալած չենք նստելու և մինչև վերջ պայքարելու ենք»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։