Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսական եւ տրանսպորտային ապաշրջափակման հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբն ապրիլ ամսից ի վեր հանդիպում չի ունեցել։ Հանդիպումների շարքն ընդհատվել է՝ կապված սահմանային լարվածության հետ։ Անորոշ է, թե հաջորդ հանդիպումը երբ տեղի կունենա։ Ձեւաչափը, հիշեցնենք, եռակողմ է, երրորդ կողմը Ռուսաստանն է։ Այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը գլխավորում է մեր կողմից ձեւավորված աշխատանքային խումբը։
– Իսկ ապրիլ ամսվա դրությամբ ի՞նչ ունեիք, ո՞ւր էիք հասել։
– Ապրիլ ամսվա դրությամբ դեռեւս փորձագիտական մակարդակով քննարկում էինք նախ իրավական կարգավորումները՝ ԱՊՀ նորմատիվ ակտերի շրջանակներում եւ միջազգային կոնվենցիաների եւ պայմանագրերի, որոնց Հայաստանը մասնակից է, նաեւ ենթակառուցվածքների տեխնիկական հնարավորություններն էին քննարկվում։ Այդքանն էր։
– Դուք ինչպե՞ս եք տեսնում այս ամենի զարգացումը, քանզի Ալիեւն ընտրություններից առաջ ու հետո էլ խոսում էր Սյունիքով միջանցքի տրամադրման մասին եւ ոչ միայն։
Կարդացեք նաև
– Ես, օգտվելով առիթից, ուզում եմ եւս մեկ անգամ վստահեցնել եւ արձանագրել, որ միջանցքային տրամաբանության հարց ես երբեւէ չեմ քննարկել, չեմ քննարկում եւ չեմ էլ քննարկելու, դա ուղղակի բացառված է, եւ էդ կոնտեքստում որեւէ բան մեկնաբանելու կարիք եւ անհրաժեշտություն չեմ տեսնում, որովհետեւ չի լինելու նման բան։ Դա հնարավոր չէ ուղղակի, դա բացառված է։ Եվ, անկախ նրանից, թե ով է ուրախանում, ով է տխրում, միեւնույն է՝ չի լինելու։
– Կներեք, ի՞նչ ասել է՝ միջանցքային տրամաբանություն, ի՞նչ է դա իրենից ներկայացնում։
– Միջանցքային տրամաբանությունը ենթադրում է, որ որեւիցե մի հարց, որը կվերաբերի ապաշրջափակման պայմանավորվածություններին կամ հնարավորություններին եւ որը կենթադրի որեւիցե մի սուվերեն հավելյալ իրավունք կամ ծանրաբեռնվածություն, ես բացառում եմ։ Մենք խոսում ենք մեր սուվերեն ենթակառուցվածքների մասին։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում