Մեղրի համայնքի նախկին ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Մխիթար Զաքարյանը կալանավորվեց երկու ամսով։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածի հատկանիշներով։ Մասնավորապես՝ 308-րդ հոդվածի 2-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող՝ իր՝ այլ պետության քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը սահմանված կարգով իրավասու մարմնին չհայտնելը կամ նման տեղեկությունը թաքցնելը)։
«Ստանդարտ սցենարով…
Մխիթար Զաքարյանի ձերբակալումը դատարանը ճանաչեց ապօրինի, սակայն կալանավորեց 2 ամսով։ Դատական պրոցեսի և դատարանի որոշման մասին մանրամասները կներկայացնեմ քիչ ավելի ուշ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ Մխիթար Զաքարյանը համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել հուլիսի 9–ին՝ պատճառաբանելով, որ ցանկանում է վերցնել պատգամավորի մանդատը։ Իսկ արդեն կիրակի օրը՝ հուլիսի 11-ին, Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել էր դատախազի միջնորդությունը՝ տալով համաձայնություն պատգամավորի թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ