Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հոգնել են «հայրենասիրությունից»

Հուլիս 13,2021 10:00

Հայաստանցիների մեծամասնությունը սիրում է «ռաբիս» երաժշտություն: Դրան կարելի վերաբերվել սնոբիստական քամահրանքով, իսկ կարելի է հանգիստ ընդունել, որ միեւնույն է՝ սա իմ ժողովուրդն է, եւ փորձել մեղմորեն հակադրել դրան սեփական նախասիրություններն ու ճաշակը:

Եվ մեծամասնության քաղաքական դիրքորոշման հետ կապված մոտեցումը պետք է նույնը լինի: Արցախը երկար ժամանակ, այսպես ասած, Հայաստանի «պաշտոնական» գաղափարախոսությունն էր: Մարդիկ իրենց պարտավորված էին զգում ոչ միայն բարձր ամբիոններից, այլեւ նեղ, ընտանեկան միջավայրում, նաեւ «բաժակաճառային մակարդակում» ասելու՝ «բա, մեր հողն է, մեր հայրենիքն է, թուրքին չենք տա, արյուն ենք թափել» եւ այլն:

Բայց հենց որ 2018 թվականին առիթն եղավ, այդ հայրենասիրական պատմուճանի անհրաժեշտությունը վերացավ, մարդկանց մեծամասնությունը, երբեմն շարունակելով ձեւի համար հին «ազգային» հռետորաբանությունը կիրառել, հոգու խորքում ասում է՝ «տո լա՛վ է, ինչների՞ս էր պետք»: Եվ այդ մտածողությամբ 4000 զոհն էլ առանձնապես շոկ չի առաջացնում: Պետք է ընդունել, որ ակտիվ քաղաքացիների մեծամասնությունն այդպես է մտածում՝ վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները հաշվի առնելով: Ցանկացած այլ բացատրություն, ինձ թվում է, ինքնախաբեություն է:

Այդպես մտածողները հրեշներ չեն: Նրանց մեջ կան բարի, հոգատար, իրենց ընտանիքներին նվիրված, աշխատավայրում փայլուն դրսեւորվող մարդիկ: Չի կարելի նրանց վիրավորել, պիտակավորել, վերեւից նայել՝ «ախ, մենք այնքան լա՜վն ենք, հայրենասեր, իսկ նրանք…»: Նախ՝ պետք է հասկանալ, թե ինչու են նրանք այդքան անտարբեր եւ հաճախ նաեւ՝ անբարյացակամ (մեղմ ասած)՝ Արցախի եւ արցախցիների հանդեպ: Գլխավոր պատճառներից մեկը, ինձ թվում է, այն է, որ առնվազն երկու տասնամյակ իշխանությունները նրանց փաստացի ասում էին՝ «դիմացեք մեր կամայականություններին՝ հանուն Արցախի», դրանով իսկ «հայրենասիրություն» բառը անքակտելիորեն կապեցին «թալան» բառի հետ: Հենց որ հնարավորություն առաջացավ այդ բեռի տակից դուրս գալու, նրանք ընդվզեցին այդ «հայրենասիրության» դեմ՝ համ գլխացավանքից պրծան, համ էլ, ցավոք սրտի, գլխից:

Այնուհետեւ նրանց պետք է հանգիստ, համբերատար բացատրել, որ առանց Արցախի՝ Հայաստանը ոչ մեկի համար ոչ մի աշխարհաքաղաքական հետաքրքրություն չի ներկայացնի, գուցե պահպանի ձեւական կարգավիճակը, բայց կդառնա չորրորդական պետություն, իսկ դա իր հերթին կբերի նաեւ տնտեսական լուրջ հետեւանքների եւ, հետեւաբար, կանդրադառնա նրանց կյանքի որակի վրա: Նրանք շարունակում են հարցնել՝ «բա ե՞րբ է էս երկիրը դզվելու», իսկ այդ հարցադրումը, կարծում եմ, ճամպրուկները հավաքելու «նախերգանքն» է:

Եվ դարձյալ՝ անգամ արտագաղթողների նկատմամբ պետք չէ ընդունել խիստ դատավորի դիրք: Ես էլի կասեի, որ գերադասելի է հետ պահել նրանց այդ քայլից: Բայց այս պարագայում, ճիշտն ասած, համոզիչ փաստարկներ չունեմ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Վերջապես ձեւավորվեցին բնական երկու կուսակցությունները, մեկը գլոբալ ապազգային կուսակցությունն է, մյուսը՝ գլոբալ ազգային կուսակցությունն է: Երկուսն էլ գլոբալ են, բայց ապազգային գլոբալը շատ ավելի գլոբալ է ու արդյունավետ է գործում, քան ազգային գլոբալը: Մեր ազգային կուսակցությունը նեղ ազգային է, ազգային կուսակցությունները տարբեր ազգերի պետք է համատեղ օրակարգեր սահմանեն ու գործեն համատեղ, ինչպես գործում են ապազգային կուսակցությունները: Նեղ ազգային օրակարգով պայքարել ապազգային գլոբալ օրակարգի դեմ դժվար գործ է, բոլոր ազգերն էլ ունեն իրենց նեղ ազգային կուսակցությունները, բայց ժամանակն է նրանց միավորել գլոբալ ազգային կառույցի մեջ, թշնամուց պետք է սովորել ու կիրառել արդյունավետը, ժամանակն է, որ մեր ազգային կուսակցությունը իր լավագույններին գործուղի այլ երկրներ՝ համատեղ օրակարգեր մշակելու ու իրագործելու համար:
    Ի՞նչ ծրագրով պետք է ներկայանալ: Վերակենդանացնել Տեղական ինքնակառավարման կառույցները, քաղաքացու յուրաքանչյուր խնդիր պետք է ունենա իր համապատասխան լուծումը ինքնակառավարման կառույցում, իսկ այն, ինչ իր ուժերով ի վիճակի չէ լուծել այդ կառույցը, այդ խնդիրները լուծում է Պետությունը, այնպես որ, Պետությունը ուղղակի չի ընտրվում քաղաքացիների կողմից, այլ ընտրվում է Տեղական ինքնակառավարման կառույցների կողմից: Պետք չի սպասել Կառավարության նոր ընտրություններին, այլ պետք է ձեւավորել ստվերային Կառավարություն Ազգային գլոբալ կուսակցության կողմից եւ հստակ ժողովրդին ներկայացնել բոլոր այն լուծումները, որոնք նրանք պատրաստ են իրագործել իշխանության գալուց:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031