ՍԴ նիստում այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանն անդրադարձավ ընդդիմադիր ուժերի մեղադրանքներին, որ ՔՊ առաջնորդ Նիկոլ Փաշինյանի՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ հնչեցրած հայտարարությունները բռնության, ատելության խոսք են պարունակում։
Գրիգորյանը շեշտեց, որ ընդդիմադիրները միտումնավոր մեջբերում են համատեքստից կտրված արտահայտությունները, մինչդեռ Փաշինյանի ասածները բռնության կոչեր չեն եղել, այլ օրենքի դիկտատուրա հաստատելու մասին էին։ «Օրինակ «Հայաստան» դաշինքը շարունակ ասում է այն մասին, որ բռնության խոսք է եղել «Ճակատից շարեմ՝ կասեք բռնություն է եղել» արտահայտությունը։ Ես մեջբերեմ Ռոբերտ Քոչարյանի խոսքից, երբ նա արձագանքում է Նիկոլ Փաշինյանին՝ «բանավեճի ցանկություն չկա, բայց դուելի պատրաստ եմ՝ զենքի ցանկացած տեսակով»։ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքել է դրան՝ «այդ ժողովրդի՞ն ես դուելի կանչում։ Դա բռնության կո՞չ է։ Բա որ ես էլ հանկարծ ընդունեմ, ընտրեմ զենքի տեսակ ու ճակատից շարեմ, պետք է ասեք՝ բռնությո՞ւն է»․․․այս համատեքստը դատարանը պետք է հաշվի առնի»,-նշեց Սուրեն Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն այսօր միասնական վարույթում շարունակում է քննել ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների՝ հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ