«Երկրում բացարձակ բեսպրեդել է տիրում, կեղծ մեղադրանքներով փորձում են ձերբակալել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներին»,- դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը`անդրադառնալով Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին ներկայացված մեղադրանքներին եւ նրան կալանավորելու միջնորդությանը:
Հիշեցնենք, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը քննարկում է Մխիթար Զաքարյանն կալանավորելու միջնորդությունը: Իշխան Սաղաթելյանն էլ այն համոզմանն է, որ իշխանությունն արշավ է սկսել Սյունիքի համայնքների ղեկավարների դեմ:
«Ակնհայտ քաղաքական հետապնդում է: Մեր երկրում ե’ւ դատախազը, ե’ւ քննիչը, ե’ւ ոստիկանը մի մարդ են»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը`նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին:
Այս ամենաթողության արդյունքում, Իշխան Սաղաթելյանը համոզված է, որ երկրում նոր ճգնաժամ կսկսվի: Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իրենք պայքարը շարունակելու են`բոլոր միջոցներով, եւ այն, որ իշխանությունն այսօր ուժային կառույցներ ունի, դեռ ոչինչ չի նշանակում: Նա վստահ է, որ գործող իշխանությունը չի հասնի հաղթանակի ՝ չնայած բոլոր ապօրինի դրեւսորումներին:
Իսկ զբաղեցրած պաշտոններից պրոֆեսիոնալ զինվորականների հեռացումը Սյունիքում եւ Տավուշում, Իշխան Սաղաթելյանը կապում է իրադարձությունների հետ, որոնք մոտ ապագայում տեղի կունենան: Խոսքը Սյունիքով Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի տրամադրման եւ Տավուշում, իբր խորհրդային շրջանի անկլավները Ադրբեջանին հանձնելու մասին է:
Կարդացեք նաև
ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ ՄԻնասյանի գնահատմամբ էլ, այն, ինչ տեղի է ունենում այժմ Հայաստանում, առնվազն պետք է հակազդեցություն առաջացնի ազնիվ մարդկանց, ինչպես նաեւ բոլոր այն միջազգային կառույցների եւ կազմակերպությունների կողմից, որոնք այլ դեպքերում հայտարարում են մարդու իրավունքների մասին. «Մինչդեռ նրանք այսօր լռում են, ըստ էության, համակերպվելով այն իրականության հետ, որ Հայաստանը հետեւողական շարժվում է տոտալ դիկտատուրայի ռեժիմ հաստատելու ուղղությամբ»: Նա հիշեցնում է, որ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանն ըստ օրենքի, անձեռնմխելիության իրավունք ունի։
«Հայաստանի իշխանությունները եւ նրանց սպասարկող իրավապահ համակարգը վերածվել է կոշտ գործիքի, եւ այդ գործիքը, ցավոք, օգտագործվում է Հայաստանի հպարտ քաղաքացու դեմ, այն անձանց դեմ, որոնք ցանկանում են վերականգնել ազգի պատիվն ու պետականության հիմքերը։ Այլ բացատրություն ես չունեմ»,- ասաց Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ իշխանության խնդիրը վախի մթնոլորտ ստեղծելն է, ցանկացած դիմադրության չեզոքացումը մարդկանց կողմից, որոնք հետեւողաբար փորձում են պաշտպանել հայ ժողովրդի պատիվը, քանի որ որեւէ դեպքում իրավական նորմերը չեն պահվում: Արծվիկ Մինասյանը չի բացառում, որ այս գործերը կվիճարկվեն նաեւ ՄԻԵԴ-ում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ