Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը հույս ունի, որ այս «ապօրինությանը, լկտիությանը, կապիկությանը մի քանի ժամ հետո վերջ կդրվի», եթե մեր երկրում ինչ-որ արդարադատության փշրանքներ մնացել են։ Նրա հույսը դատավորի անձի` Մհեր Շահգելդյանի հետ է պայմանավորված: Նա նկատի ունի Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալությունը եւ նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը, որը դատարանը քննում է այժմ։
«Մխիթար Զաքարյանը չորս երեխա ունի, երեքն անչափահաս են։ Նա պատերազմի մասնակից է: Երկու պատերազմի ժամանակ էլ վիրավորվել է, վերջին պատերազմի ժամանակ վիրավորումից դեռ չի կազդուրվել, ձեռքի մեջ երկաթ կա, որը դեռ պետք է վիրահատել։ Առանց որեւէ հիմքի, կապիկությունով, ինչ է՝ հաճոյանան վարչապետ կոչեցյալին, մասկի- շոու են անում»,- դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց Վահե Հակոբյանը:
Վահե Հակոբյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ իշխանությունը սեւեռվել է Սյունիքի համայնքապետերի վրա:
Ըստ Վահե Հակոբյանի տեղեկությունների՝ ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել նաեւ Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու համար: «Սա կադրային ջարդի հետ ընդհանրապես կապ չունի։ Սյունիքը ամենաբարձր ցուցանիշն է ցույց տվել, Քաջարան քաղաքը միակ քաղաքն է, որ հաղթել է ՔՊ-ին, այս համայնքապետերն էլ առաջինն են բարձրաձայնել, որ անվստահություն են հայտնում գործող վարչապետին, սյունյաց ողջույն, պահանջել են նրա հրաժարականը։ Նա այս ամեն ինչը դարսել է, մոռանում է, որ ինքը երկրի ղեկավար է, մտածում է դեռ այդ դեղին թերթի խմբագիրն է»։
Կարդացեք նաև
Վահե Հակոբյանի համոզմամբ՝ այս քայլերով Նիկոլ Փաշինյանը մեկուսացնում է այն մարդկանց, ովքեր պայքարելու էին այս իշխանության ապօրինությունների դեմ, այդ թվում նաեւ՝ հող հանձնելու, քանի որ արդեն ի հայտ են գալիս կիսաֆեյքային փաստաթղթեր, որտեղ արդեն Ադրբեջանին տրամադրվող երկու ճանապարհի մասին է խոսք գնում ու չի բացառվում, որ այդ փաստաթղթերը բնավ էլ ֆեյք չեն: «Սեւ լճում պատահական չի թուրքական զորքը կանգնած արդեն երրորդ ամիսը: Մի ճանապարհն էլ միգուցե էդտեղո՞վ է գալու ու Սիսիանով անցնի, դրա համար այս քաղաքապետերն իրենց ձեռք չեն տալիս: Իսկ ո՞վ է հիմա գնալու էնտեղ պայքարի. բանակը կազմալուծված է ու կազմալուծվում է մինչեւ հիմա»,- ասաց Վահե Հակոբյանը:
Վահե Հակոբյանը նաեւ հարց բարձրացրեց` մինչեւ այժմ անհասկանալի է, թե ի՞նչ սկզբունքով է բաժանվել «Սյունիքի զարգացման հիմնադրամի» կես միլիարդ դրամը` մինչ ընտրությունները, ի՞նչ են եղել այդ գումարները՝ հայտնի չէ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Վ Հակոբյանը արդարադատությունից է խոսում, հետաքրքիր է…