Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանը Տիգրան Հակոբյանին հարց ուղղեց էթիկայի, բառապաշարի մասին, նա էլ հիշեցրեց քարոզարշավում ընդդիմադիրների ասած «բ.տ.»-ն

Հուլիս 12,2021 23:21

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել 20.06.2021թ.-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման հարցը՝ 4 քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումների հիման վրա:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանին հարցրեց, թե ընտրությունների մասնակիցների ցուցակները 2018-ից հետո չե՞ն փոխվել: Ֆիդանյանը պատասխանեց, որ ընտրացուցակները զուտ էվոլյուցիայի արդյունքում են փոփոխվել՝ մահացածների դուրս գրում, 18 տարին լրացած անձանց ներգրավում:

Վարդեւանյանը հարցրեց՝ կոնկրետ քանի՞ անձի փոփոխություն է եղել 2018-ից 2021-ին, Ֆիդանյանը պատասխանեց, որ հիմա այդ թիվը չկա ձեռքի տակ, բայց պահոցում կլինի: Վարդեւանյանը հնչեցրեց իր թիվը՝ 116 հազար անձի մասին է խոսքը: Ընդ որում, սրա մեջ չեն մտնում 18 տարեկանները: Նա խոստացավ դատարանին փոխանցել այդ անձանց տվյալները՝ կրիչով:

Հաջորդ պատասխանողը ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն էր: ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը հարցրեց՝ կարո՞ղ ենք ասել, որ այս ընտրապայքարը հռետորաբանության, կոշտ խոսքով, ագրեսիվ խոսքով էականորեն տարբերվել է մեր նախորդ ընտրություններից, եթե՝ այո, ինչո՞վ է դա բացատրվում: Տիգրան Հակոբյանը պատասխանեց, որ այո, տարբերվում է, հանձնաժողովի անդամների անձնական փորձը, դիտարկումները, մշտադիտարկումները, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը նույնպես դրա մասին փաստում են. «Պատճառները շատ են: Առաջինը կորոնավիրուսի եւ հետպատերազմյան հուզմունքային իրավիճակն է ՀՀ-ում, որն ինչ-որ չափով հասկանալի է: Երկրորդը՝ 2018-ից խոսքի ազատության լիակատար հաստատումն է Հայաստանում: Ես դա ասում եմ որպես հանձնաժողովի անդամ, 2,5 տարի է՝ հանձնաժողովի նախագահ եմ, իշխանության հետ որեւէ առնչություն, որեւէ ցուցում, ճնշում, ուղղորդում չի եղել: Նույնը՝ բոլոր հեռարձակողների նկատմամբ: Հայաստանի պատմության մեջ որեւէ անգամ չի եղել, որ հիմնական ԶԼՄ-ները՝ ամենաազդեցիկ հեռարձակողները, հեռուստաընկերությունները, ռադիոընկերությունները իշխանության, նրանց փոխկապակցված անձանց հետ կապի մեջ չգտնվեն: Շատ լավ հասկանում եք՝ ինչ եմ ասում: Այս մի քանի գործոնը բերեց նրան, որ հռետորաբանությունը կոշտ էր: Հեռուստաընկերությունները միջոցն են, խողովակն են՝ այն չարության մթնոլորտի փոխանցումը հասարակության մի մասից մինչեւ մյուս մասն անելիս: Օրինակ, միտինգներ են, Բաղրամյան պողոտայի միտինգները, այդ կոշտ հռետորաբանությունը մի քանի ալիքով ցուցադրվում էր ժամերով եւ բնական է, որ դա փոխանցվում է հանրությանը»:

Տիգրան Հակոբյանն ընդունեց, որ նույն կոշտ հռետորաբանությունը եղել է նաեւ իշխանության կողմից, ու հանձնաժողովը տարբերություն չի դրել, թե ում շուրթերից է այն հնչել:

Հրայր Թովմասյանը հարցրեց հանրային ծառայողի էթիկայի կանոնների մասին: Տիգրան Հակոբյանն էլ տարավ-բերեց՝ որպես օրինակ նշեց. «Վատ բառերը, որ առաջ չկային, դառնում են նորմ, լեգիտիմացվում են, ինչը մեզ մոտ եղավ: Օրինակ, «բ. տ.», ամբողջ բառը չասեմ: Եթե դա լիներ Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Դանիայում, շատ կարճ ժամանակահատվածում կարգավորող մարմինը լիազորություն ուներ ու այդ արտահայտությունը կմտցներ արգելված արտահայտությունների ցանկ: Մեր մոտ այդ լիազորությունը չունենք, պետք է օրենքը արագ փոփոխենք: Դրա համար բազմաթիվ հարցեր լուծված չեն Հայաստանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031