Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ԵԱՀԿ ՄԽ երկրների դեսպանները չայցելեցին Բաքու. հայացք Բաքվից

Հուլիս 12,2021 22:11

Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են վեճը Լեռնային Ղարաբաղի շուրջ՝ փորձելով առավելագույն կերպով ստանալ միջազգային աջակցություն: Հանգստյան օրերին առաջին անգամ 46 երկրների դեսպաններ այցելեցին Շուշի, որը ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում անցել է Բաքվի տիրապետության տակ և հայտարարվել Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք, գրում է ռուսական «Կոմերսանտը»: Այդ այցը, սակայն, սկանդալ է առաջացրել, քանի որ Շուշի այցելած դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների թվում չկային ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները: Նրանց մերժումը վրդովմունք է առաջացրել ադրբեջանական լրատվամիջոցներում, մի շարք քաղաքական գործիչների և պատգամավորների շրջանում, որոնք մեղադրում են Մինսկի խմբին նրանում, որ նրանք բաց են թողնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որը Բաքում համարում է փակված:

Բաքվում հավատարմագրված մեծ թվով դեսպանների այցը Շուշի, որը նախքան 44-օրյա պատերազմը գտնվում էր հայկական կողմի, իսկ եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո անցել էր Ադրբեջանի վերահսկողության տակ, նրանց թվով յոթերորդ այցն էր հակամարտության գոտի: Մինչ այդ օտարերկրյա դեսպաններն այցելել էին Ֆիզուլի, Զանգելան, Ջեբրայիլ, Ղուբաթլու, Լաչին և Աղդամ:

Միաժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով դիվանագետների այցը Շուշի Բաքվի համար ուներ հատուկ նշանակություն. հարցը, թե ում պետք է պատկանի այդ քաղաքը, աշնանը տեղի ունեցած պատերազմում վճռական պահ դարձավ:

Թերթը գրում է, որ հայկական կողմը, չնայած նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններին, մինչ այժմ չի կարողանում հաշտվել Շուշիի կորուստի հետ և շեշտը դնում է նրա վրա, որ առայժմ չկա խաղաղության պայմանագիր, որը կփակեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

Թե ինչ նշանակություն է տալիս ադրբեջանական կողմը այդ այցին՝ հաստատում է այն հանգամանքը, որ դիվանագիտական ներկայացուցիչներին ուղեկցում էր անձամբ նախագահի արտաքին հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը:

Այնուամենայնիվ, այդպես էլ չհաջողվեց իրականացնել այնպիսի այց, որը հարյուր տոկոսով թույլ կտար ադրբեջանական ակտիվում ավելացնել նոր դիվանագիտական հաղթանակ:

Շուշի այցելելու հրավերն ընդունել էին օտարերկրյա պետության 46 դեսպան, սակայն նրանց թվում չկային երեք անձ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) ղեկավարները:

Շուշիում Մինսկի խմբի համանախագահ երկրների, ինչպես նաև Գերմանիայի դեսպանի (որն արհամարհել էր նաև նախորդ այցերը «ազատագրված շրջաններ») աչքի ընկնող բացակայությունը պայթեցրեց սոցցանցերը և վրդովմունքի ալիք առաջացրեց ադրբեջանական լրատվամիջոցներում:

«Դրանով նրանք ազդակ են հաղորդում, որ իրավիճակի կայունացումից հետո պատրաստվում են բանակցություններ վարել Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ: Ես չեմ կարող այլ պատճառ գտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների՝ Շուշի այցից հրաժարվելու համար: Ադրբեջանը նույնպես պետք է իր միանշանակ դիրքորոշումը ցույց տա: Ըստ էության, նախագահ Իլհամ Ալիևն արդեն դա ցույց է տվել: Նա հայտարարել է, որ հակամարտությունն ավարտված է, ոչ մի կարգավիճակ չի լինի, իսկ Ռուսաստանն ու Թուրքիան մեր երկրի հրավերով աջակցում են տարածաշրջանում վերաինտեգրման գործընթացին»,- առաջ եկած սկանդալը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավար Թոֆիկ Զուլֆուղարովը, որն այդ գերատեսչությունը գլխավորել է 90-ականների վերջին:

«Ադրբեջանի դիրքորոշումը, կարծես թե, ինչ-որ մեկին դուր չի եկել, առաջին հերթին Հայաստանին, ինչպես նաև որոշ օտարերկրյա շրջանակների»,- հավելել է դեսպանը: Նրա կարծիքով՝ այս իրավիճակում Ադրբեջանը պետք է ցուցաբերի իր միանշանակ դիրքորոշումը և հրաժարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտից, քանի որ եկել է ժամանակը այդ քայլն անելու»:

Կոշտ հայտարարություն է արել նաև Միլի մեջլիսի՝ միջխորհրդարանական կապերի և միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեի նախագահ Սամեդ Սեյիդովը: «Ցավոք, մի շարք միջազգային կազմակերպություններ և պետություններ միշտ երկակի ստանդարտներ են կիրառել Ադրբեջանի նկատմամբ: Դրա վառ օրինակը Ֆրանսիան է: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա Կոնգրեսի որոշումներում կարելի է նկատել մեր երկրի նկատմամբ երկակի ստանդարտների դրսևորումներ: Մենք տեսում ենք, թե ինչ է կատարվում նաև ռուսական մամուլում: Բայց գլխավորն այն է, որ Ադրբեջանը ստեղծել է այնպիսի աշխարհաքաղաքական իրողություններ, որոնք չընդունել հնարավոր չէ»,- ասել է Սեյիդովը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ-երկրների դեսպանների որոշումը՝ զերծ մնալ Շուշի այցից, որը միանգամայն ցավով ընդունվեց ադրբեջանական լսարանի կողմից, իրականում մեծ սենսացիա չէր: Նախկինում այդ երկրների դեսպանները չեն մասնակցել Ադրբեջանի ազատագրված տարածքներ իրականացված այցերին՝ դրանով ժեստ անելով Երևանին, որը Ղարաբաղի կարգավիճակի մասին վեճը համարվում է կիսատ, և հավասար հեռավորություն պահելով հակամարտության կողմերից: Ինչ էլ որ լինի, այդ քայլով, որը չի կարող չվրդովեցնել Բաքվին, ԵԱՀԿ ՄԻնսկի խումբը հերթական անգամ ապացուցեց, որ ինքը կորցրել է իր ազդեցությունը ղարաբաղյան հակամարտության հարցում և վերածվել է դեկորատիվ մարմնի, որը խաղաղության գործընթացում առանձնահատուկ դերակատարություն չունի: Դրա ևս մեկ ապացույցը դարձավ Շուշի կատարած այցում գրեթե բոլոր եվրոպական դեսպանների մասնակցությունը: Այդ պատճառով էլ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանների բացակայությունը պետք չէ այդպես դրամատիզացնել»,- «Կոմերսանտի» հետ զրույցում ասել է Բաքվի դիվանագիտական աղբյուրը:

Մինսկի խմբի անդամ երկրների ներկայացուցիչները դեսպանների բացակայությունն առայժմ չեն մեկնաբանել:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031