Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս իմ հեռախոսահամարն ա, հենց բան ըլնի՝ կզանգես». Հրայր Թովմասյանը՝ ոստիկանների տոնի եւ ձեւի մասին

Հուլիս 12,2021 21:14

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել 20.06.2021թ.-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման հարցը՝  4 քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումի հիման վրա:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը ոստիկանության պետի տեղակալ (Արա Ֆիդանյանին) լուսանկարում հարցրեց, թե Սյունիքի մարզում քանի՞ ոստիկան է ուղեկցել ՔՊ-ին եւ քանի՞ ոստիկան է եղել «Հայաստան» դաշինքի նախընտրական հավաքին, այդ թվում՝ քաղաքացիական հագուստով ոստիկանները քանի՞սն են եղել: Ֆիդանյանը պատասխանեց, որ հստակ թիվ չի կարող նշել, իսկ քաղաքացիական հագուստով օպերատիվ աշխատանք իրականացնողներն են: Նա ասաց, որ ամեն միջոցառման համար ոստիկանությունում որոշում են կայացնում, թե քանի հոգի ներգրավեն՝ հաշվի առնելով տեղանքը, վտանգը:

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը հարցրեց պրոֆիլակտիկ միջոցառումներից՝ նախապես ասելով, որ հայրը եղել է պրոֆիլակտիկ բաժանմունքի վարիչ, ու ինքը գիտի, թե դա ինչ է: Հիշեցնենք, որ դիմումատուները նկարագրել էին, թե նախընտրական շրջանում ինչպես են ոստիկանության երայացուցիչները այցեր կատարել շտաբեր: Թովմասյանն ասաց. «Մի դեպքում դրական բան է: Գալիս է բաժանմունքի տեսուչը, ասում է՝ խնդրում եմ, եթե բակային հանդիպումներ կանեք, ինձ նախօրոք զգուշացրեք, որ հասարակական կարգը կարողանանք պահել, բարձրախոսները երեկոյան ժամերին մի օգտագործեք, ինչ-որ բան թե կտեսնեք մոտերքում, սա մեր հեռախոսահամարն է, զգուշացրեք: Սա մի զրույց է: Մյուս դեպքում ասում է՝ գիտեք ինչ կա, գնում եք մարդկանց անհանգստացնում եք, դուռ եք ծեծում եւ այլն, մյուս անգամ չկրկնվի: Գնում են 10-15 հոգի, կեսը կողքն են կանգնում ու կողքից նայողների մոտ տպավորություն է, որ ինչ-որ բան են ցույց տալիս: Հիմա այս տարբերակներից ոստիկանները ո՞րն են արել: Կարդում եմ դիմումները, ինձ մոտ տպավորություն է, որ եղել է երկրորդը»:

Արա Ֆիդանյանը պատասխանեց, որ միանշանակ, առաջին տարբերակն է, տվյալներ են փոխանակել: Հրայր Թովմասյանն էլ ասաց. «Էս իմ հեռախոսահամարն ա, հենց բան ըլնի՝ կզանգես: Քո հեռախոսի համարն էլ տուր, որ զանգեմ՝ կվերցնես: Եթե այս տոնով է եղել՝ լավ չի»: Նա ասաց, որ խոսքը ձեւի մասին է, ոչ թե բովանդակության:

Ֆիդանյանն էլ պատասխանեց, որ որոշ դեպքերում հնարավոր է շտաբերում ճիշտ չեն ընկալել այդ այցերը, կամ էլ ոստիկանների մոտեցումը ճիշտ չի եղել, բայց իրենք բոլոր քաղաքական ուժերի շտաբեր այցելել են՝ պրոֆիլակտիկ նպատակով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031