Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Լոռիում համայնքապետեր են հրաժարական տալիս

Հուլիս 12,2021 20:50
lori

Լոռու մարզում ԱԺ ընտրությունների ավարտից հետո որոշ համայնքների ղեկավարներ սկսեցին հրաժարականի դիմումներ ներկայացնել:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ հրաժարական են տալիս այն համայնքների ղեկավարները, որոնք սատարել են ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ մեկ այլ քաղաքական ուժի:

Այս պահին հրաժարական են տվել Նոր Խաչակապ համայնքի ղեկավար Մարտիրոս Տռուզյանը, Հարթագյուղի համայնքապետ Անդրանիկ Հարությունյանն ու Սարալանջ համայնքի ղեկավար Արթուր Սարոյանը:

Aravot.am-ը զրուցեց նշված համայնքների արդեն նախկին ղեկավարների հետ՝ փորձելով հասկանալ հրաժարականի պատճառները:

Մեզ հետ զրույցում, Սարալանջի 31 տարվա համայնքապետ Արթուր Սարոյանն ասաց, թե իր աշխատանքից ազատման պատճառն առողջական խնդիրներն են: Մեր այն հարցին, թե ձեր աշխատանքից ազատման պատճառն ընտրությունների արդյունքնե՞րն են, Սարոյանն ասաց. «Չէի ասի, որովհետեւ ինձ ոչ մի ասող չի եղել: Խնդիր ունեմ, սրտի վիրահատություն եմ տարել, չեմ կարողանում: Դիմումս ուղարկել եմ մարզպետարան, պետք է գնա կառավարություն, նոր այնտեղից տան վերջնական որոշումը: Նոր իմ հրամանը կլինի դուրս կգամ, իմ տեղը ժամանակավոր ղեկավար կնշանակեն»:

Հարթագյուղի 34 տարվա համայնքապետ Անդրանիկ Հարությունյանն էլ նշեց, որ ազատման պատճառն այն է, որ ցանկանում է բիզնես գործունեություն ծավալել, քաղաքական ոչինչ չկա. «Երկու օր առաջ եմ դիմում ներկայացրել, պատճառն այն է, որ աշխատանքիս բնույթը փոխում եմ»: Մեր այն հարցին, թե Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը որքա՞ն ձայն է հավաքել իրենց համայնքում, Հարությունյանն ասաց. «Ինձ մոտ Նիկոլ Փաշինյանը 62 տոկոս ձայն է տարել»:

Մինչ այս պահը հայտնի էր, որ Նոր Խաչակապի համայնքապետ Տռուզյանը եւս այն համայնքապետերի թվում է, որին մարզպետ Արամ Խաչատրյանը հրահանգել էր ազատման դիմում գրել: Մեր հստակեցնող հարցին՝ մարզի ղեկավարից հրաժարականի պահանջ եղել է, թե՞ ոչ, Տռուզյանը բացասական պատասխան տվեց. «Ես իմ կամքով եմ գրել, մարզպետը կապ չունի դրա հետ: Ես հունիսի 25-ից աշխատանքից ազատված եմ»: Տռուզյանը համայնքը ղեկավարել է 1 տարի:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031