Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա Փաշինյանի՝ ասֆալտին պառկեցնելու խոստման հետեւանք է»․ Դավիթ Հարությունյանի հրատապ միջնորդությունը ՍԴ-ում

Հուլիս 12,2021 20:41

ՍԴ նիստում այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը դատարանին հայտնեց, որ հրատապ միջնորդություն ունի, որը վերաբերում է այս կեսգիշերին Մեղրիի համայնքապետ, «Հայաստան» դաշինքով պատգամավոր ընտրված Մխիթար Զաքարյանի ձերբակալման եւ իրենց դիմումում մատնանշված թեզերից մեկի միջեւ եղած կապին։ Դավիթ Հարությունյանը շեշտեց, որ խոսքը ՔՊ առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողմից նախընտրական քարոզարշավի ժամանակ  հնչեցրած սպառնալիքների մասին է, որոնք, Հարությունյանի խոսքով, ոչ միայն ընկալվել են որպես իրական, այլեւ գործողությունների են վերածվել։

Հիշեցնենք, որ ՍԴ-ն այսօր միասնական վարույթում շարունակում է  քննել ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների՝ հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը եւս կարծիք հայտնեց, որ Մխիթար Զաքարյանի հանդեպ կատարվողը Նիկոլ Փաշինյանի նախընտրական սպառնալիքների հետ է կապակցված։

Դավիթ Հարությունյանը ներկայացրեց միջնորդությունը․ «Փաստաբան Երեմ Սարգսյանի հաղորդմամբ՝ Մխիթար Զաքարյանի հետ այսօր գնացել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության շենք եւ հայտնել, որ ինքնակամ ներկայացել են։ Ոստիկանները ձեւացրել են, թե տեղյակ չեն, ինչու են եկել, ու առաջարկել են սպասել, մինչեւ ճշտում անեն։ Րոպեներ անց շենքի մեկ այլ մուտքից դուրս են եկել ոստիկանական երկու միկրոավտոբուսներ, որոնցից դուրս են թափվել դիմակավորված եւ զինված անձինք, որոնք անհամաչափ ուժ գործադրելով՝ Մխիթար Զաքարյանին պառկեցրել են, նկարել եւ բռնությամբ ներս տարել։ Օրվա ընթացքում պարզվել է, որ Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ պաշտոնեական կեղծիքի համար»։

Դավիթ Հարությունյանը ՍԴ-ին միջնորդեց ոստիկանությունից անհապաղ պահանջել քրեական ոստիկանության գլխավոր վարչության շենքի մուտքի արտաքին-ներքին տեսախցիկների տեսաձայնագրությունները, Մխիթար Զաքարյանին ցուցադրող տեսանյութը եւ տեղեկություններ, թե երբ է կատարվել նրան վերագրվող ենթադրյալ հանցագործությունը եւ երբ է այն ավարտվել։

Միջնորդվեց նաեւ ԿԸՀ-ից պահանջել Զաքարյանին ձերբակալելու համաձայնություն տալու մասին որոշումը, նրան կալանավորելուն, նրա հանդեպ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին որոշումները։ «Սա պետք է քննարկվի անհապաղ։ Վաղը կարող է պարզվել, որ տեսախցիկները մեկ օր են պահպանում ձայնագրությունները»,-հավելեց Դավիթ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ այս դեպքը փաստում է իրենց պնդումը, որ ընդդիմախոսների հանդեպ անկհայտ ապօրինություններ են տեղի ունենում․ «Սա ակնհայտ ապօրինի ձերբակալում է։ Մարդն իր կամքով գնացել էր շենք, բայց բռնության ենթարկվեց։ Դա Փաշինյանի՝ ասֆալտին պառկեցնելու խոստման հետեւանք է»։ Միջնորդությանը միացան նաեւ մյուս դիմումատուները՝ «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունները։ ՍԴ-ում ոստիկանության ներկայացուցիչը հայտարարեց, որ տեսագրությունները պահպանվում են քսան օր։

ՍԴ-ում այս գործով երրորդ կողմ հանդիսացող ՀՀ դատախազության ներկայացուցիչ Կարեն Բիշարյանն էլ իր հերթին կարծիք հայտնեց, որ միջնորդությունն անհիմն է, որովհետեւ վերաբերում է արդեն իսկ քննվող գործով կատարված դատավարական գործողությունների իրավաչափությանը․ «ՍԴ-ի լիազորությունների տիրույթում չէ այդ գործողությունների իրավաչափությանը գնահատական տալը։ Չեմ էլ պատկերացնում, թե միջնորության բավարարման դեպքում ՍԴ-ն ի՞նչն է ստուգման առարկա դարձնելու»։ ՍԴ-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Ռուստամ Բադասյանն էլ շեշտեց՝ դեպքը եղել է կեսգիշերին, մինչդեռ ընդդիմադիրները հիմա են միջնորդություն անում․ «Սա ուղղակի իրենց կողմից տակտիկական հնարք է՝ իրենց փաստարկների հիմնազուրկ լինելուց հետո։ Քաղաքական հայտարարությունների համար բարձր դատարանի ամբիոնն են օգտագործում։ Այդ միջնորդությունը քննվող գործի հետ որեւէ առնչություն չունի»։

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն ասաց․ «Կողմերին խնդրում եմ ճիշտ հասկանալ։ Ոչ մի տառ, ոչ մի բառ չպետք է շեղվենք մեր օրակարգից։ Այս պահին քննվող գործի շրջանակում ես այս միջնորդության հրատապությունը չեմ տեսնում։ Ամսի 17-ին որոշում պետք է հրապարակենք։ Մեր առաքելությունն է՝ չշեղվել օրակարգից եւ որոշում կայացնել, որին ողջ ՀՀ-ն է սպասում»։

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը նկատեց՝ պետք է գնալ խորհրդակցական սենյակ եւ այս միջնորդության վերաբերյալ որոշում կայացնել, որպեսզի չընկալվի, թե դատարանն այն օդի մեջ թողեց։ Ապա դատավոր Երվանդ Խունդկարյանը նկատեց՝ դատարանը որոշել է միջնորդությունները վերջում քննել, ուստի պետք չէ շեղվել։ Դատավոր Արթուր Վաղարշյանն էլ հայտարարեց՝ կարծում եմ ճիշտ կլինի, որպեսզի ԿԸՀ-ն պարզաբանի՝ տեղյա՞կ է կատարվածից։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ քրեական հետապնդում հարուցելուն եւ կալանավորմանը համաձայնություն տալու մասին ԿԸՀ որոշումներն առկա են։

Ապա ՍԴ նախագահ Արման Դիլանյանը նշեց․ «Մենք կոնկրետ վեճ ենք քննարկում։ Հնարավոր է, որ այս ընթացքում էլի քրեական գործեր հարուցվեն, ու եթե սկսենք արձագանքել դրանց եւ դրանք դիտարկել որպես այս վեճի հետ կապ ունեցող, դուրս կգանք ապացույցների տրամաբանության դաշտից եւ դատապարտված կլինենք այստեղ անժամկետ մնալուն։ Ես էլ եմ կարծում, որ միջնորդությանը պետք է անդրադառնալ միջնորդությունների փուլում»։

Ի վերջո, որոշվեց այս միջնորդությանն անդրադառնալ միջնորդությունների քննարկման փուլում եւ ոչ հիմա։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031