Լրահոս
Օրվա լրահոսը

Կփոխվեն այն շենքերի վերելակները, որտեղ հենաշարժողական վնասվածքներ ստացած զինծառայողներ են բնակվում

Հուլիս 12,2021 18:51

Համայնքային իշխանության, համատիրությունների ու բնակիչների համագործակցությամբ Երևանի վարչական շրջաններում շարունակվում է բազմաբնակարան շենքերի աղբամուղների փակման գործընթացը: Քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ արդեն իսկ շուրջ 860 աղբամուղ է փակվել: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է հետևողական աշխատանք տանել բոլոր բազմահարկերում՝ ընդգծելով, որ միայն այս կերպ է հնարավոր շենքերում լուծել գարշահոտության, առնետների ու, առհասարակ, սանիտարական խնդիրները։
***
Շրջիկ առևտրի չգրանցված կցորդներն այս օրերին ակտիվորեն ապամոնտաժվում են: Համայնքի ուժերով արդեն իսկ ապամոնտաժվել է 30, տնտեսվարողների միջոցներով՝ 10 շարժական կետ: Հարկ է նշել, որ շրջիկ առևտրի կետերն արդեն այս տարվանից գործում են միայն քաղաքապետարանի թույլտվությամբ: Պահանջը սահմանված է օրենքով, իսկ շրջիկ առևտրի համար հատուկ վայրերն ու չափորոշիչները՝ ավագանու որոշմամբ: Տնտեսվարողների համար ստեղծվել է հարմարավետ էլեկտրոնային հարթակ, որտեղ կարող են գրանցվել ու կազմակերպել իրենց բիզնեսը:
***
Քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում շարունակվում է ապօրինի կառույցների ապամոնտաժման գործընթացը։ Հունիսի 22-ից մինչ օրս ապամոնտաժվել է 47 ինքնակամ կառույց: Շնորհակալություն հայտնելով ոստիկանությանը՝ գործուն աջակցության համար, քաղաքապետը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների քանդման հարցում պայքարը լինելու է շարունակական:
***
Երևանի քաղաքապետարանի վերելակների փոխարինման այս տարվա ծրագիրն ամբողջովին կազմակերպվելու է այնպես, որ նոր վերելակները ծառայեն առաջին հերթին hայրենիքի պաշտպանության գործում վիրավորում ստացած հերոս տղաներին՝ որոշակիորեն թեթևացնելով նրանց հոգսը: Այդ նպատակով վերլուծվել են անհրաժեշտ տվյալները և ընտրվել են 54 բարձրահարկ շենքեր, որտեղ ապրում են հենաշարժողական վնասվածքներ ստացած զինծառայողները: Մատչելի վերելակների գնումն արդեն կայացել է: Այժմ ընթացքի մեջ են չափագրման աշխատանքները:
***
Հասարակական կարգի պահպանության ու երթևեկության անվտանգության ապահովման նպատակով մայրաքաղաքում ուժեղացված հսկողություն է սահմանված հասարակական տրանսպորտը սպասարկող միկրոավտոբուսների ու ավտոբուսների վարորդների աշխատանքի նկատմամբ: Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները նոր ավտոբուսների շահագործման ընթացքին հատկապես բծախնդիր են վերաբերվում։ Հանձնարարվել է արագ արձագանքել քաղաքացիների ահազանգերին ու երթևեկության ընթացքում բացառել վարորդների ծխելու և հեռախոսով խոսելու դեպքերը:
***
Անդրադառնալով բացօթյա ապօրինի առևտրին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա ստուգայցերի միջոցով տեղերում ուժեղացնել հսկողությունն ու քայլեր ձեռնարկել երևույթը բացառելու ուղղությամբ:

Երեւանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031