Երևանը՝ ընտրություններից հետո
Ինձ շատ հետաքրքիր էր վերլուծել հետընտրական Երևանը։ Հասկանալ, թե ինչպե՞ս կփոխվեն տրամադրությունները,ովքեր բոլորից բարձր կխոսեն և իրենց ավելի հարմարավետ կզգան։
Ենթադրվում էր, որ հաղթանակի դեպքում կապիտուլյանտի համակիրները կպատռեն իրենց կոկորդները, կքայլեն գլուխները բարձր՝ մինչև երկինք պարզած։ Խոսքը հենց այն մարդկանց մասին է, որոնք քվեարկել են դավաճանի օգտին, բայց ոչ մի կապ չունեն նրա հետ: Սակայն, ըստ էության, նման բան տեղի չի ունենում։ Ավելին, ոչ բոլորն են համարձակվում բարձրաձայն ասել, որ ձայն են տվել Փաշինյանին։
Բացարձակ հակառակ իրավիճակն է նրանց դեպքում, որոնք կապիտուլյանտի դեմ հանդես են եկել բացեիբաց և քննադատաբար։
Նիկոլ Փաշինյանին կողմ լինելը ամոթ է։ Փաշինյանին դեմ լինելը՝ պատիվ ու հպարտություն։ Ահա այսօրվա իրողությունը Երևանում։
Կարդացեք նաև
Հայ ժողովուրդը հաղթել է հայ ազգին, բայց չի կարող լռեցնել նրան։ 2018-2020 թվականներին Հայաստանում ընդդիմություն գրեթե չկար, և «նախկիններից» որևէ մեկին աջակցելը նույնքան արդիական չէր, որքան այսօր աջակցել կապիտուլյանտին։ Իսկ այսօր դավաճանի ու նրա համակիրների վրա ցեխ շպրտելը գրեթե հայրենասիրության ու ինտելեկտի առկայության նշան է։
Բոլոր այն մարդիկ, որոնք խոսում ու գրում են, բոլոր այն մարդիկ, որոնք մտածում են, բոլոր այն մարդիկ, ում լսում են, նրանք բոլորը դեմ են այսօրվա իշխանություններին։
Հայերին իրոք բաժանել են։ Մեծ թվով մարդիկ դադարում են շփվել միմյանց հետ քաղաքական հայացքների չհամընկնելու պատճառով։ Խզվում են ընկերական, բարեկամական կապերը, քանդվում են նույնիսկ ընտանիքները: Ցավոք, շատ օրինակներ կան։ Գրեթե անհնար է պատկերացնել մի ընկերական շրջապատ, որտեղ կլինեն մարդիկ, որոնք ձայն են տվել Քոչարյանին ու Նիկոլին։ Իսկ Երևանի կենտրոնում նիկոլականներն ընդհանրապես վտարանդի են, և ես միանգամայն համոզված եմ, որ հասարակության մեջ իրավիճակը միայն թեժանալու է կապիտուլյանտի ամեն նոր, ոչ պոպուլյար և դավաճանական որոշման հետ։
Իհարկե, հասարակության բաժանման մեջ ոչ մի լավ բան չկա, այդ ամենի հետ մեկտեղ այսօր մենք պարտավոր ենք ակտիվորեն դրսևորել մեր քաղաքացիական դիրքորոշումը և քննադատել իշխանությանը և նրանց աջակիցներին։ Երկար նրանք չեն դիմանա, կարող եք նույնիսկ չկասկածել…
Միքայել ԲԱԴԱԼՅԱՆ
«Ազատագրում» շարժման առաջնորդ