Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«UPSHIFT» համաշխարհային ծրագիրը՝ Սպիտակում․ համայնքների զարգացում՝ պատանիների միջոցով

Հուլիս 12,2021 18:19

Այսօր Սպիտակում մեկնարկել է «UPSHIFT Սպիտակ» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագիրը։ Նշենք, որ աշխարհի բազմաթիվ երկրներում իրագործվող այս ծրագիրը Հայաստանում ներդրվել է երկու տարի առաջ` ՄԱԿ֊ի մանկական հիմնադրամի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/ կ֊ի կողմից։

Այն առաջին անգամ իրագործվել է Գյումրիում․ այդ ժամանակ 12֊18 տարեկան պատանիները հիմնականում էկոլոգիական ծրագրեր էին իրականացնում` աղբի մեջ կորած Գյումրի գետակի մաքրման, էկոպայուսակների արտադրման և այլն։

Ինչպես Aravot.am֊ի հետ զրույցում տեղեկացրեց Յունիսեֆ֊ի երիտասարդների զարգացման ծրագրերի պատասխանատու Հասմիկ Ալեքսանյանը, Յունիսեֆ֊ը 20 հազար դոլար է հատկացրել այս ծրագրին։ Այսօր կներկայացվեն 10 գաղափարներ, մրցութային կարգով կընտրվեն դրանցից 5֊ը և յուրաքանչյուր թիմի կտրամադրվի 120 հազար դրամ` գաղափարները ծրագրերի վերածելու համայնքում իրականացնելու համար։

««UPSHIFT»-ը երիտասարդներին տալիս է 21֊րդ դարի հմտություններ, կարողություններ, գիտելիքներ, զարգացնում է երիտասարդների նախաձեռնողականությունը, համայնքային կյանքում նրանց ներգրավվածությունը։ Այն տալիս է խնդիրներ վեր հանելու ու լուծումներ առաջարկելու հնարավորություն», ֊ասաց Հասմիկ Ալեքսանյանը։

«Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ նախագահ Արթուր Նաջարյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ մրցող թիմերը 3֊5 հոգանոց են, ընդգրկված են նաև պատանիներ Սպիտակ համայնքի հարակից գյուղական բնակավայրերից։ Նրանց ներկայացրած ծրագրերը տարբեր են, դրանք հիմնականում ուղղված են առողջ ապրելակերպին ու շրջակա միջավայրի պահպանությանը։

«Պատանիներն առաջ են քաշում այնպիսի գաղափարներ, որոնք իրենց անհանգստացնում են` օրինակ՝ խաղահրապարակների, գրադարանների, ժամանցային վայրերի պակասի։ Մասնավորապես կարող եմ նշել աուդիո֊գրադարանի ստեղծումը, գրադարան֊սրճարանի, ֆուտբոլի դաշտի բարեկարգումը, փորձում են էկո֊գրիչներ պատրաստել, որը հետագայում կդառնա ձեռնարկատիրական գործունեություն և դպրոցին ֆինանսական առումով կապահովի»,֊ասաց Արթուր Նաջարյանը։

 

Նա նշեց, որ հատկապես գյուղական համայնքների պատանիների մոտ կան կարծրատիպեր, նկատելի է պասիվություն, և իրենց գերնպատակը ոչ թե նրանց 120 հազար դրամով աջակցելն է, այլ երկարաժամկետ աշխատանքը վերջիններիս հետ։

Արթուր Նաջարյանի հավաստմամբ՝ պատանիների հետ կարճ ժամանակահատված աշխատելուց հետո զգալի արդյունքներ են արձանագրում, ունենում են ակտիվ, նախաձեռնող, համայնքի նկատմամբ պատասխանատվություն ունեցող պատանիներ։

«Մեր նպատակը միայն խնդիրների մասին խոսող պատանիներ ունենալը չէ, այլ խնդիրներին լուծում տվող պատանիներ։ Պատանին համայնքի ռեսուրսն է և ուրախությամբ պիտի նշեմ` կարճ ժամանակում մենք հաջողում ենք և տեսնում ենք, թե ինչպես գյուղական համայնքների այն փոքրիկները, ինքնամփոփ պատանիները կարողանում են հանրային ելույթներ ունենալ և խոսել համայնքի խնդիրներից, լուծման ուղիներից և ամենակարևորը` անգամ գտնում են այն միջոցները, որոնք անհրաժեշտ են խնդիրների լուծման համար»,֊ասում է Արթուր Նաջարյանը։

Վաղը ժյուրին կընտրի հաղթող հինգ թիմերին, որոնց և կտրամադրվի 120 հազար դրամ` գաղափարն իրականություն դարձնելու համար։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031