Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանրամասն նկարագրում եք, թե մուրճը իրենից ինչ է ենթադրում, բա «դրանց սաղին բռնելու եմ շինեմը» ի՞նչ է ենթադրում». Վարդեւանյանը՝ դատախազին

Հուլիս 12,2021 17:56

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել 20.06.2021թ.-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման հարցը՝ 4 քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումի հիման վրա:

Երեւան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանը բացատրություններ տվեց դիմումատուների բարձրացրած հարցերի վերաբերյալ:

Դրանից հետո «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը հարցեր ուղղեց իրենց դաշինքի անդամների նկատմամբ «ստուգողական գործողություններից», ատելության խոսքից: Դատախազ Կարեն Բիշարյանն իր խոսքում ասել էր, որ շատ կարեւոր է տվյալ անձի բնութագիրը, ով ասում է այդ խոսքը: Ուստի Վարդեւանյանը հարցրեց մինչ մերժելը, կամ ընթացք չտալը, ուսումնասիրե՞լ եք Նիկոլ Փաշինյանին բնութագրող հատկանիշները: Հովհաննիսյանը պատասխանեց, որ ե՛ւ երկրորդ, ե՛ւ երրորդ նախագահի կողմից եղել են նման արտահայտություններ ու տրվել են համապատասխան քրեաիրավական գնահատականներ երեքի մասով:

Հետո Վարդեւանյանը հարցրեց՝ դատախազ Կարեն Բիշարյանը մանրամասն նկարագրում է, թե մուրճը իրենից ինչ է ենթադրում, բա «դրանց սաղին բռնելու եմ շինեմը» ի՞նչ է ենթադրում»:

Նա ընթերցեց Փաշինյանի խոսքերը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների մասին, որն ասել էր Վայքում նախընտրական քարոզարշավի ժամանակ. «Դո՛ւք, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, կարմիր գիծն անցել եք, ինչը նշանակում է, որ կապույտ չագուճը առաջինը ձեր գլխին է ջարդվելու: Ինչ հայտարարեք-չհայտարարեք՝ ձեր հարցը լուծված է, դուք հանգիստ սպասեք ձեր դատավճռին»:

Հովհաննիսյանը հարցին հարցով պատասխանեց. «Եվ ո՞րն էր այստեղ բռնություն, ուզում եմ հասկանալ»:

Վարդեւանյանը նորից ընթերցեց խոսքերը:

Հովհաննիսյանն արձագանքեց. «Այսպիսի հարցերի գոյությունը իրականության մեջ չէր լինի, եթե դուք այդ արտահայտությունները կատարող անձի խոսքը ներկայացնեիք ամբողջ ծավալով: Յուրաքանչուր այդպիսի արտահայտություն կատարելուց առաջ կամ հետո բանախոսի կողմից բերվել է մուրճի սիմվոլի մասին որպես օրենքի դիկտատուրա սահմանելու մասին խոսքը: Մենք այդտեղ խոսում ենք բռնության կոչի մասին, դա պետք է ունենա դիտավորություն, իսկ իմ կողմից նշված եզրույթը բացառում է արդեն իսկ դիտավորությունը: Ի՞նչ են վկայակոչում այդ արտահայտությունները՝ քաղաքական խոսքի մի փոքր այլ տերմինաբանություն, ինչը բռնության կոչ որակել տեղին չէ»:

Վարդեւանյանը հակադարձեց, որ համայնքների ղեկավարներին «ռադ անելը», անձամբ ասֆալտին պառկեցնելը, դա իրական կյանքում տեղի է ունենում. «Ասֆալտին պառկեցնելը տեսել ենք, համայնքի ղեկավարներին տեսնում ենք, քրեական հետապնդման են ենթարկում»:

Նա հարցրեց այդ բոլորը մի շղթայի մաս դիտարկվե՞լ է, թե՞ ոչ: Հովհաննիսյանը պատասխանեց, որ այս դեպքում դա եղել են ընտրական գործընթացին մասնակցողի կողմից որպես այնպիսի արտահայտություն, ինչպես մյուս ուժերի առաջնորդների կողմից նույնաբովանդակ արտահայտությունները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031