Լիազորությունները կասեցված բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ այսօրվա նիստն ավարտվեց։ Բարձրագույն դատական խորհուրդն անցավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Ռուբեն Վարդազարյանը նիստին չէր մասնակցում։
ԲԴԽ-ի որոշումը կհրապարակվի հունիսի 26-ին, ժամը 15.00-ին:
Նախորդ նիստում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը լրացուցիչ բացատրություններ էր ներկայացրել ԲԴԽ-ին։ Եվ որպեսզի Ռուբեն Վարդազարյանն այս նյութերին ծանոթանալու հնարավորություն ստանա, կարծիք կամ լրացուցիչ բացատրություններն ու ապացույցներ ներկայացնելու ցանկություն ունենա, նիստը մեկ շաբաթով հետաձգվել էր։
Այսօրվա նիստից հետո ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը լրագրողների հետ զրույցում ասաց․«Քանի որ Ռուբեն Վարդազարյանը ոչինչ չի ներկայացրել, մենք ավարտեցինք դատական գործընթացը»:
Կարդացեք նաև
Պարոն Վարդազարյանը նախապես էր հայտարարել նիստերին չմասնակցելու մասին, ընդ որում՝ նա տեղեկացրել էր, որ եթե խորհուրդն իրեն ուղղվելիք հարցեր ունենա, ապա խորհուրդը կարող է դրանք գրավոր ուղարկել եւ գրավոր պատասխան ստանալ։ Սակայն, ինչպես պարոն Բեքմեզյանն ասաց, դատական օրենսգիրքն ու վարչական դատավարության օրենսգիրքը նման գործընթաց չեն նախատեսում, ուստի ԲԴԽ-ն գրավոր ընթացակարգը չէր կարող կիրառել։
Լրագրողի դիտարկմանը՝ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ, որով պարտավորեցրել է վերացնել նրա իրավունքների եւ օրինական շահերի խախտումը, իսկ նրա ներկայացուցիչներն էլ ասում են, որ դատախազությունն իրավունք ունի այդ որոշումը բողոքարկել վերաքննիչ դատարանում, պարոն Բեքմեզյանը պատասխանեց, որ խորհուրդն այսօր ստացել է Վարդազարյանի դիմումն ու դատարանի որոշումը․ «ԲԴԽ-ն կքննարկի ե՛ւ դատարանի որոշումը, ե՛ւ պարոն Վարդազարյանի դիմումը եւ կկայացնի որոշում»:
Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 332-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու) հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ