Սահմանադրական դատարանը շարունակում է քննել 20.06.2021թ.-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման հարցը՝ 4 քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումի հիման վրա:
Երեւան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանը բացատրություններ տվեց դիմումատուների բարձրացրած հարցերի վերաբերյալ:
ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն ասաց, որ Մարդու իրավունքների պաշտպանը արձագանքել է մի նյութի, ինքն էլ տեսանյութը նայել է ու հարցեր են առաջացել. «Համացանցում նյութ է, որտեղ Գորիսի վարչական շրջանի բնակիչներն էին: Տպավորությունս այդ նյութից հետեւյալն է, որ ինչ-որ մի փուլում համայնքի ղեկավարը օգնություն է բաժանել, հիմա բոլորին, ովքեր օգնություն են ստացել, մեկ առ մեկ կանչում են, հարցաքննում են՝ արդյոք դա ընտրակաշառք չի՞: Իրենք հերքում են, որ ընտրակաշառք է: Անաչառ դիտորդի մոտ տպավորություն կստեղծվի, ինքս մի տարի առաջ նման երեւույթի մասնակից եմ եղել, ականատես եմ եղել, երբ մարդկանց կանչում են, ասում են՝ այսինչ ցուցմունքը տուր, կամ հաստատիր, կամ հերքիր: Մենակ այս մի համայնքո՞ւմ է, թե՞ դատախազությունը, իրավապահ մարմինները բոլոր համայնքներում օգնության հետքերով շարունակում են գնալ ու ստուգում են»:
Կարդացեք նաև
Սեւակ Հովհաննիսյանը պատասխանեց, որ այդ նյութերին ծանոթ չէ, բայց դատախազությունը բոլոր դեպքերում միասնական մոտեցում է ցույց տվել ու վստահորեն, այս դեպքում եւս նույն կերպ է դրսեւորել: Թովմասյանն արձագանքեց, որ ձայնագրությունը կտա:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ