Լրահոս
Օրվա լրահոսը

«Տպավորություն է, որ Հրայր Թովմասյանն ու Արեւիկ Պետրոսյանը դատավարության կողմ են, ոչ թե դատավոր». Դանիել Իոաննիսյան

Հուլիս 12,2021 16:52

Սահմանադրական դատարանում շարունակվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների վիճարկման հարցը՝ ընդդիմադիր 4 քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումների հիման վրա:

Նիստերի դահլիճում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Aravot.am-ի հետ զրույցում Իոաննիսյանն ասաց, որ հետեւել է այս օրերին նիստերին ու կիսվեց իր տպավորությամբ. «Քննարկում են բազմաթիվ հարցեր, որոնք անհեթեթություն են: Ինձ մոտ հարցեր են առաջանում որոշ դատավորների անկողմնակալության հետ կապված, մասնավորապես, դատավորներ Հրայր Թովմասյանի եւ Արեւիկ Պետրոսյանի մասով: Տպավորություն է, որ դատավարության կողմ են, ոչ թե դատավոր: Թովմասյանի մասով նաեւ իր երկու հայտարարությունները ակնհայտորեն հակասության մեջ են Սահմանադրական դատարանի մասին օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին: Ինքը իրավունք չունի հրապարակավ հայտարարություն անի հարցի հետ կապված, որը դատարանի վերջնական որոշման մեջ կարող է լինել: Ինքը դա խախտել է, ընդ որում՝ երկու անգամ: Մեկը՝ ուրբաթ օրը, մյուսը՝ շաբաթ օրը: Մասնավորապես, նրա հետ կապված, թե արդյոք Հանրապետության նախագահի վրա ճնշում եղել է, թե ոչ, վերջում դատարանը պետք է անդրադառնա, բայց ինքը այդ մասով կարծիքն ասել է եւ խախտել է: Երկրորդը այն ուժերը, որոնք ավելի շուտ են իմացել ընտրությունների մասին, ունեն մրցակցային առավելություն: Դա միտք է, որի հետ ես էլ եմ օրինակ համաձայն, բայց կապ չունի: Եթե ՍԴ-ն պետք է դրան անդրադառնա իր որոշման մեջ, դատավորը չպետք է դրա մասին իր հրապարակային կարծիքն ասի»:

Բացի այդ, Դանիել Իոաննիսյանն ասաց, որ մի շարք հարցեր, որոնք քննարկվում են ՍԴ-ում, ծիծաղելի են կոմպետենտության տեսանկյունից. «Սկսած նրանից, որ «Հայաստան» դաշինքն առաջարկում է կա՛մ մանդատների վերաբաշխում անել, կա՛մ երկրորդ փուլ: Տարրական բան է, իրենք չեն հասկանում, որ երկրորդ փուլ կարող է արվել միայն մանդատների վերաբաշխման որպես ածանցյալ գործողություն: Այսինքն, չի կարող լինել երկրորդ փուլ՝ առանց մանդատների վերաբաշխման: Լավ կլինի, որ բացի ինչ-որ սիրուն ֆորմալիզմին հետեւելուց, նաեւ Ընտրական օրենսգիրք կարդան, նոր գան այստեղ: Դավիթ Հարությունյանի ֆոնին շատ լավ երեւում է այլ ներկայացուցիչների ցածր կոմպետենտությունը»:

Այն, որ ՍԴ դատավորները նիստերի ընթացքում միմյանց բուռն հակադարձում են, ըստ Իոաննիսյանի, նորմալ է. «Ավելի շատ խնդիր է այլ առումով: Դատախազության ներկայացրած նյութերը գործի նյութերին կցել-չկցելու հարցում Հրայր Թովմասյանը դեմ է կցելուն: Ինչի՞ համար է դեմ: Դեմ է, որովհետեւ դրանով ապացուցվում է, որ դիմումներում ներկայացված բազմաթիվ բաներ իրականությանը չեն համապատասխանում: Բայց ինքը դեմ է, որ դա կցվի գործի նյութերին եւ ասում է գործին չի առնչվում, դա՛ է խնդրահարույց: Ոչ թե այն, որ ինքը այլ կարծիք ունի, խնդիր չկա, կարող է այլ կարծիք ունենալ, այլ այն է խնդիրը, թե ինչ կարծիք ունի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031