Հուլիսի 7-ի գիշերը ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին կրակոցների վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Օպերատիվ կառավարման կենտրոն զանգած անձը հայտնել էր, որ Քասախ գյուղում կրակում են։ Բաժնից Քասախ մեկնած օպերատիվ խումբը նախ ահազանգի ստուգման միջոցառումներ ձեռնարկեց։
Նաիրիի համայնքային ոստիկանները բնակիչների հետ զրուցելիս պարզեցին, որ կրակոցը հնչել էր Սաֆարյան և Երիտասարդական փողոցների խաչմերուկում։ Հետագա միջոցառումների շնորհիվ նոր տեղեկություններ ստացվեցին. անկանոն կրակոցներն արձակվել էին «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայի սրահից։
Շուտով պարզվեց նաև կրակողի ինքնությունը՝ Քասախի բնակիչ էր, 28 տարեկան։ Հաջորդ օրը երիտասարդի հայրը մեքենան տարավ բաժին։
«Նիվայի» զննությամբ ինքնաձիգի պարկուճ հայտնաբերվեց։ Բաժնի և ՔՈԳՎ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի լույս 9-ի գիշերը երիտասարդը ներկայացավ բաժին՝ բերելով «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու 19 փամփուշտ։ Նրա հայտնածով՝ ապօրինի զենք-զինամթերքը ձեռք էր բերել անցած տարվա աշնանը՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն