Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Դիտորդը կե՞ղծ էր թե՞ իրական․ գործը ոստիկանությունում է

Հուլիս 12,2021 16:16

Գորիսի Քարահունջ բնակավայրի 34/12 ընտրական տեղամասում հանձնաժողովի քարտուղար Վալերիկ Մանուչարյանը հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում արձանագրված խախտման մասին օրեր առաջ դիմել է ոստիկանություն։

Մասնավորապես, «Հայաստան» դաշինքի վստահված անձ Լուսինե Ավետյանը (Քարահունջի վարչական ղեկավար, որն երկու ամսով կալանավորվել է ընտրական խախտումների մեղադրանքով.–Ա․Դ․) իր պայուսակից հանել և իր հորեղբոր որդուն` Արտիկ Ավետյանին է տվել ԿԸՀ-ի կողմից կնքված «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» կազմակերպության տեղական դիտորդի վկայական։ Տիկին Ավետյանը տեղում լրացրել է բարեկամի տվյալները, որ նա կարողանա մուտք գործել ընտրատեղամաս և, ըստ հաղորդման՝ ուղղորդի ընտրողներին։ Վալերիկ Մանուչարյանը խախտման մասին տեղյակ է պահել թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սլավիկ Դադաշյանին, որը համապատասխան միջոցներ չի կիրառել։

 

Aravot.am-ի հետ զրույցում Սլավիկ Դադաշյանը նշեց, որ ինքը չուներ իրավական որեւէ լծակ՝ միջոց կիրառելու։ Դադաշյանը հորդորել է «խախտումը ֆիքսել գործավարության մատյանում, որպեսզի հետո կարողանային զբաղվել, բայց չեն արել»։ «Ես հասա ընտրատեղամաս, ես վստահված անձանց կամ դիտորդի հանելու լիազորություն չունեմ։ Իմ գործառույթը այն էր, որ ընթացքը չխաթարվեր։ Բոլոր ավելորդ մարդկանց, որոնք իրավունք չունեին ընտրատեղամասում գտնվել, հանեցի դուրս, որպեսզի քվեարկությունը չընդհատվի»,–ասում է Դադաշյանը։

Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը կարծում է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի խնդիրն էր հարցը կարգավորել։ «Թող իրենց մեղքը ուրիշի վրա չբարդեն, հանձնաժողովի նախահագը, քարտուղարն են պատասխանատու, եւ այսուհետ կարծում եմ, նրանք չեն ընդգրկվի հանձնաժողովներում, պիտի նույնիսկ պատասխանատվություն կրեն»,–ասում է Դադաշյանը։

Վերջինս տեսել է այդ դիտորդի վկայականը։ «Չեմ կարող ասել՝ կեղծ էր, թե կեղծ չէր։ Բայց սիրուն գրված էր։ Ասում են՝ ծնկի վրա են գրել անունը, բայց չէի ասի։ Դիտորդի վկայականները տրվում են ԿԸՀ–ի կողմից»,–ասում է Դադաշյանը։

Վալերիկ Մանուչարյանը հակադարձում է վերադասին։ «Եկել էր ընտրատեղամաս, տեսավ՝ չենք գրանցել գործավարության մատյանում, արձանագրեր մեր անգործությունը ու պահանջեր գրառում անեիք»,–ասում է Մանուչարյանը։

Նշենք, որ ոստիկանությունում փաստի առնչությամբ պարզվում են հանգամանքները։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Վալերիկ Մանուչարյանի լուսանկարը՝ նրա Ֆեյսբուքի էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031