Սահմանադրական դատարանն արդեն 4-րդ օրն է՝ քննում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների վիճարկման հարցը:
Հիշեցնենք, որ ՍԴ-ն միասնական վարույթում շարունակում է քննել ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների՝ 20.06.2021թ.-ի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները:
Երեւան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանը, զինվորական ծառայողների քվեարկության ժամանակ ուղղորդումների, քվեարկության խախտումների դեպքերին անդրադառնալով՝ ասաց, որ այդ հաղորդումները վերացականություն են ունեցել: Տեսանյութ է հրապարակվել «Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Մարինա Խաչատրյանի կողմից, հետո նա իրավապահ մարմիններին բացատրել է, որ հերթի մեջ տեսնելով քաղաքացիական անձ, տպավորություն է ստեղծվել, որ կարող է տեղի ունենալ ուղղորդում: Այնինչ, զինվորականների հետ կարող են եւ քվեարկել քաղաքացիական անձինք:
Կարդացեք նաև
Սեւակ Հովհաննիսյանն ասաց, որ զորամասի մասին խոսելիս պետք է նկատի ունենալ, որ գործ ունենք փակ հիմնարկի հետ, որն ունի իրենց ներքին կարգուկանոնը. «Շատ դեպքերում մերկապարանոց հայտարարություններ են արվել, ուղղակի դասակի, ջոկի, սպայի ուղեկցումը դիտարկվել է որպես ուղղորդում զինծառայողներին, այն դեպքում, երբ որեւէ փաստական տվյալ այդ մասին չկա: Դիմումատուն նշում է, որ Վարդան Գալստյանը երկու տեղում էլ ստորագրել է, պարո՛ն Վարդեւանյան, տեղյա՞կ եք, որ Վարդան Գալստյանը «Հայաստան» դաշինքի վստահված անձ է, այդ հանձնաժողովում գրանցված է եղել»:
Շարունակելով կրկնաքվեարկությունների, ուրիշի փոխարեն քվեարկությունների դեպքերին անդրադարձը՝ Սեւակ Հովհաննիսյանն ասաց. «Ակամայից Ջեմմա Մարտիրոսյանը դարձավ այս պատմության հերոսը: 1402 համարի տակ է նա հաշվառված ընտրողների ցուցակում: 1042 համարի տակ գրանցված մեկը Գագիկ Շահգալդյանն է ստորագրել նրա փոխարեն, ակնհայտ է, որ թվերի իրար նման լինելու պատճառով տեղի ունեցել շփոթմունք: Գագիկ Շահգալդյանի անվամբ տպագրված կտրոնը կա, նա մասնակցել է քվեարկությանը, քվեարկել է Ջեմմա Մարտիրոսյանի անվան դիմաց, իսկ ընտրողների ցուցակում Գագիկ Շահգալդյանի անվան դիմաց իր ստորագրությունը բացակայում է, սա փաստում է, որ տեղի ունեցածը ընդամենը շփոթմունք է: Դիմումատուն այն, որ 109 հազար ընտրողների տվյալներ ստեղնաշարով մուտք անելու պարագայում կարող էր պարարտ հող ստեղծվել ընտրախախտումների համար, այդ թեզը բացատրում է Ջեմմա Մարտիրոսյանի օրինակով»:
Խոսելով ընտրությունների ժամանակ հոսանքի անջատումներից, նա ասաց, որ ՀԷՑ-ից բոլոր դեպքերի վերաբերյալ պարզաբանումներ են ստացել. «Լավ, լույսերը գնաց, անջատողի մտադրությունը միգուցե այլ էր, ի՞նչ է կատարվել տեղամասում: Առանց բացառության, որեւէ խախտում չի արձանագրվել այդ տեղամասերում, քվեարկության գործընթացն էլ չի խաթարվել: Այն տեղամասերում, որտեղ քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ է խափանվել հոսանքը, քննվում են գործերը»:
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը հորդորեց ՍԴ դատավորներին դատախազության ներկայացրած այդ 1000 էջանոց պարզաբանումները չընդունել որպես գործին առնչվող նյութեր. «Չեմ կարծում,որ այդ 1000 էջերը նյութեր են, որոնք առնչություն ունեն այս գործի հետ: Այդ նյութերը ոչ մի դերակատարում մեր գործի հետ կապված չունեն: Մենք ասել ենք, որ ապօրինի է եղել ձերբակալումը, դատախազությունը պետք է դրան արձագանքեր՝ չի արձագանքել: Հիմա մնացած նյութերը ոչ մի ապացուցողական նշանակություն չունեն»:
ՍԴ նախագահ Դիլանյանը արձագանքեց, որ դատավորները ամեն մեկը այդ նյութերին կծանոթանա ու կորոշի գործին վերաբերվո՞ւմ է, թե՞ չէ:
ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն ասաց, որ կալանավորման հանգամանքը էական չէ, զրո ապացուցողական նշանակություն ունի: Նա առաջարկեց դնել քվեարկության դրանք ապացուցողական նշանակություն համարել-չհամարելու հարցը եւ շարժվել առաջ, որովհետեւ արդեն նյութերի բովանդակությունը հրապարակված է:
Էդգար Շաթիրյանն ասաց, որ ներկայացված փաթեթի բովանդակությանը որեւէ մեկը ծանոթ չէ, վաղաժամ է քվեարկել:
Երվանդ Խունդկարյանն ասաց, որ Ջեմմա Մարտիրոսյանի դեպքի, հոսանքազրկումների հետ կապված պարզաբանումները իրեն հետաքրքրել են: Որոշվեց առայժմ լսել մյուս հարակից պատասխանողների դիտարկումները, իսկ որոշումը կթողնեն հետո:
Այս պահին պարզաբանումներ է ներկայացնում Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ