Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ վարվել են այնպես, ինչպես հակառակ ճամբարից Նարեկ Սամսոնյանի հետ. Երեւան քաղաքի դատախազի բացատրությունը ՍԴ-ում

Հուլիս 12,2021 15:48

Սահմանադրական դատարանն արդեն 4-րդ օրն է՝ քննում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների վիճարկման հարցը:

Հիշեցնենք, որ ՍԴ-ն միասնական վարույթում շարունակում է քննել ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների՝ 20.06.2021թ.-ի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները:

Երեւան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանը բացատրություններ տվեց դիմումատուների բարձրացրած հարցերի վերաբերյալ: Մասնավորապես, «Հայաստան» դաշինքի դիմումում բողոք կար, որ ընտրությունների օրը կատարված իրավախախտումների վերաբերյալ իրավապահ մարմինները համանման մոտեցում չեն ցուցաբերել իշխող կուսակցության եւ այլ կուսակցությունների ներկայացուցիչների նկատմամբ:

Օրինակ, ընտրությունների օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Հայկ Սարգսյանը ֆեյսբուքում գրառում էր արել, հրապարակել 24 համարի քվեաթերթիկը՝ գրել էր՝ «մերժվածները»: Ըստ «Հայաստան» դաշինքի դիմումի, դա իրենց դաշինքի դեմ հակաքարոզչություն պարունակող նյութ է, բայց որեւէ իրավական հետեւանք չի ունեցել:

Սեւակ Հովհաննիսյանը պարզաբանեց. «Գլխավոր դատախազությունը հենց նույն օրը ՀՔԾ է ուղարկել ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից քվեարկության խցիկը նկարահանելու վերաբերյալ «Հրապարակի» հրապարակումը, որի հիման վրա նախապատրաստված նյութերի արդյունքում կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով»:

Հովհաննիսյանը նաեւ «հակառակ ճամբարից» նման դեպքի օրինակ բերեց. «Ֆեյսբուքում Նարեկ Սամսոնյանի կողմից հրապարակվեց նույնաբնույթ լուսանկար եւ գրառում, որ ի պատասխան Հայկ Սարգսյանի՝ հրապարկում է թիվ 3 քվեաթերթիկը: Այս դեպքում եւս կայացվել է նման որոշում եւ հիմք է հանդիսացել նշված երկու անձանց կողմից տրված բացատրությունը, որ համացանցում են հանդիպել լուսանկարը, ներբեռնել են իրենց հեռախոսի մեջ»:

Սեւակ Հովհաննիսյանը անդրադարձավ մեկ այլ դեպքի եւս. Գյումրու պոլիկլինիկայի տնօրենին «Հայաստան» դաշինքին աջակցելու պատճառով ազատել են աշխատանքից: Մամուլում հրապարակումը կար, բայց ազատված տնօրենը ոստիկանություն գնալ հրաժարվել է՝ ասելով, որ իր իրավունքների ոտնահարումը կվիճարկի դատական կարգով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031